Երևանի բուսաբանական այգի. ՀՀ բնության հուշարձաններ
Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։
Պատմություն
Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։
Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։
Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ). Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝
- Galanthus alpinus
- Centaurea erivanensis
- Astragalus paradoxus
- Onobrychis hajastana
- Ribes armenum
- Iris elegantissima
- Iris grossheimii
- Triticum araraticum
- Triticum urartu
- Zelkova carpinifolia
Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։
Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։
Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Վերականգնվել և գեղազարդ ձևավորվել է բուսաբանական այգու կենտրոնական մասում գտնվող 2000 մ 2 մակերեսով կոլեկցիոն վարդանոցը, որտեղ ներկայացված են վարդի 20 սորտերի շուրջ 800 թուփ։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։
Երևանի Բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում է աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։
Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Երևանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաև 4 դենդրարիում։ Դենդրարիումը կամ դենդրոպարկը հողամաս է, որտեղ տեղաբաշխված են բաց գրունտի պայմաններում աճող ծառերի, թփերի և փաթաթվող բույսերի հավաքածուներ, որոնք ստեղծվում են կարգաբանական, աշխարհագրական, էկոլոգիական, գեղազարդիչ և այլ հատկանիշներով։ Երևանի բուսաբանական այգու դենդրարիումը ստեղծվել է էկոլոգաաշխարհագրական սկզբունքով։ Այստեղ տեղաբաշխված են Կովկասի, Ղրիմի, Սիբիրի, Արևելյան Ասիայի (Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Հեռավոր Արևելք), Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դենդրոֆլորաների ներկայացուցիչներ։
Բուսաբանական այգու խնդիրները
Ներկայումս բուսաբանական այգին ի վիճակի չէ պատշաճ կերպով իրականացնելու իր գործունեությունը՝ կապված անբավարար ֆինանասավորման հետ։ Այգին, հանդիսանալով բուսաբանության ինստիտուտի բաղկացուցիչ ստորաբաժանումներից մեկը, ֆինանսավորվում է ինստիտուտի խիստ անբավարար բազային ֆինանսավորման շրջանակներում, որով բոլորովին հնարավոր չէ իրականացնել իր գիտա-կազմակերպական և արտադրական բնականոն գործունեությունը։ Այգու գործունեությունն ընդգրկում է ֆինանսական խոշոր հատկացումներ պահանջող հետևյալ ոլորտները և խնդիրները՝
- Այգու շուրջ 80 հա տարածքում շուրջօրյա պահպանութունը (պահակային ծառայության) գրեթե բացակայում է։ Պահպանությունն իրականացվում է ինստիտուտի ուժերով, որը խիստ անբավարար է։
- Բուսաբանական այգու մոտ 5 կմ երկարությամբ (բետոնապատ և մետաղյա ճաղավանդակներով) պարիսպը և ցանկապատը (շուրջ 60 տարվա) պահանջում է հիմնանորոգում։ Ինստիտուտը իր ուժերով պարբերաբար կատարել է ընթացիկ վերանորոգում (հատվածային վնասված մասերում)։
- Բուսաբանական այգու կանոնավոր ոռոգումը (շուրջ 55 հա տարածքով) մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում պահանջում է 12-15 միլիոն դրամ գումար, որը ինստիտուտը կարողանում է իրականացնել (համաձայն ֆինանսավորման) մասնակիորեն՝ 50-60%-ով։
- Բուսաբանական այգու տարածքում բույսերի խնամքի և մշակության պատշաճ իրականացման համար խորհրդային տարիներին աշխատում էին 30-40 այգեգործ բանվորներ, որոնք պատշաճ մակարդակով ապահովում էին այգու տարաբնույթ գիտական հավաքածուների և տնկարկների խնամքն ու բարեկարգ վիճակը։
- Ներկայումս այգում աշխատում են ընդամենը 10-12 հոգի՝ ամսական 40-45 հազար դրամ միջին աշխատավարձով։
- Այգու խնամքի և բարեկարգման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական տեխնիկա (տրակտոր, բեռնատար մեքենա, վերամբարձ տեխնիկա ծառերի չորացած ճյուղերը հեռացնելու համար, բենզասղոցներ և այլն), որն ինստիտուտն իր ուժերով ի վիճակի չէ ձեռք բերել։
- Բուսաբանական այգու գործունեության անբաժան մասն է կոլեկցիոն ջերմատան և ջերմոցասածիլային տնտեսության առկայությունը, որը էներգետիկ ճգնաժամի տարիներին գրեթե շարքից դուրս է եկել։
Հայաստանի այլ բուսաբանական այգիներ
Հայաստանում կան նաև ինքնուրույն դենդրարիումներ. օրինակ՝ Ստեփանավանի «Սոճուտ», Վանաձորի «Վանաձոր», Իջևանի «Մերձարևադարձային», Բերդի «Սորաներ», Ախթալայի, Բագրատաշենի, Բյուրականի աստղադիտարանի և «Ջերմուկ» առողջարանի դենդրոպարկերը։