Կանաչ դոդոշ. ՀՀ Կենդանական աշխարհը

Կանաչ դոդոշ (լատ.՝ Pseudepidalea viridis), դոդոշների ընտանիքի դոդոշների ցեղի անպոչ երկկենցաղ։ Հայաստանի Հանրապետությունում տարածված է գրեթե ամենուրեք։ Հիմնականում բազմաքանակ է։

Մարմնի կառուցվածք
Կերպարանափոխությունից հետո կանաչ դոդոշի մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (1,2-9,9 սմ)։ Մաշկը չոր է՝ ծածկված բազմաթիվ բշտիկներով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձեր (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ՝ թույն։ Ունեն թմբկաթաղանթ, աչքի բիբը հորիզոնական է, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն։ Մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն կամ գորշ մոխրագույն է։ Այդ ընդհանուր գունավորման վրա առկա են բազմաթիվ մուգ, տձև խալեր, որոնք էգերի մոտ մուգ կանաչ են, իսկ արուների մոտ՝ բաց կանաչ կամ դեղնականաչավուն, կողմնային մակերեսներին հաճախ կան կարմիր պուտիկներ։ Էգերի որովայնային մակերեսը սպիտակավուն է, արուներինը՝ մոխրագույն։ Ակտիվ է գիշերը և մթնշաղին, իսկ բարձրլեռնային գոտում՝ ցերեկը։ Ցերեկվա ժամերին թաքնվում է քարակույտերում, այլ թաքստոցներում ու կենդանիների բներում։

Բազմացում
Սնվում է ցամաքային անողնաշարավորներով։ Ձմեռում է աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ թաղվելով փխրուն հողի մեջ կամ կրծողների բներում և փոսերում։ Զուգավորումը և ձվադրումը տեղի են ունենում գարնանը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից։ Բազմացման համար օգտագործում են ամենատարբեր ջրավազաններ։ Արուները ջրամբար են գալիս առաջինը և ներքին ծնոտի տակ գտնվող կենտ ձայնապարկի միջոցով արձակում են յուրահատուկ կռկռոց։ Ձվադրում է 2-30 հազար գորտնկիթ (սովորաբար՝ 10-12 հազար)։ Գորտնկիթները 2 շարքով դասավորված են հատուկ, երկար թաղանթային լարերում, էգը շարժվելիս դրանք փաթաթում է ստորջրյա առարկաներին։ Մանր գորշամոխրագույն շերեփուկները սնվում են պլանկտոնով ու դետրիտով։ Հունիսի վերջից հուլիսի կեսերը կերպարանափոխությունից հետո դոդոշիկները դուրս են գալիս ափ և վարում ցամաքային կենսակերպ։ Սեռահասուն են դառնում կյանքի 4-րդ տարում։

Նշանակություն
Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին ու փափկամարմիններին։ Հաճախ խնամվում է անազատ պայմաններում՝ որպես գերազարդիչ տեսակ։ Թույնն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտության հետազոտություններում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում