Սզնի. Դեղաբույսեր

Սզնի (լատ.՝ Crataegus), ալոճենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի և ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ մինչև 900), ՀՀ-ում՝ մոտ 10 տեսակ՝ սզնի արևելյան (C. orientalis), սզնի կովկասյան (C. caucasica), սզնի կեռասռնակավոր (C. kyrtostyla), սզնի Մեյերի (C. meyeri) և այլն։

Տարածված է Կոտայքի, Տավուշի,Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նոսրանտառներում, չոր, քարքարոտ թեքություններում։ Փշոտ ծառ է կամ թուփ, բարձրձրությունը՝ մինչև 5-8 մ։ Ընձյուղները նուրբ են, թեթևակի մազմզուկապատ։ Կեղևը սկզբում գորշավուն է, հետագայում՝ մոխրաշագանակագույն։ Տերևները պարզ են, հերթադիր, ամբողջական կամ բլթակավոր (3-5 բլթակ)։ Ծաղկաբույլը հովանոցանման կամ վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, երբեմն՝ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները մանր են, խնձորաձև, գնդաձև կամ տանձաձև, հյութալի, կարմիր, նարնջադեղնավուն, սև։

Ծաղիկների ու հասուն պտուղների պատրաստուկները (եփուկ, ջրաթուրմ, մզվածք և թուրմ) կիրառվում են սրտի ֆունկցիոնալ հիվանդությունների, սրտային անբավարարությունների, շողացող անռիթմության և այլ դեպքերում։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (չորացրած, կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ)։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատների համար։ Մեղրատու է։ Սզնի պոնտական (C. pontica) հազվագյուտ տեսակը հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում, աճում է չոր, քարքարոտ թեքություններում, կաղնու և գիհու նոսրանտառներում (800-1800 մ բարձրներում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում