Տուղտ. Դեղաբույսեր

Տուղտ (լատ.՝ Althaea), տուղտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է մոտ 12, ՀՀ-ում՝ 4 տեսակ։ Տարածված է Տավուշի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր խոտածածկ, քարքարոտ, կավոտ լանջերին, խոնավ վայրերում, գետափերին, այգիներում, ճամփեզրերին և այլն։

Դեղաբույս է, պարունակում է լորձնանյութ, օսլա, պեկտինային նյութեր, սախարոզ, ճարպայուղ, եթերայուղ, կարոտին (A-նախավիտամին), ասկորբինաթթու և այլն։ Պատրաստուկները (փոշի, թուրմ, մզվածք) օգտագործում են շնչուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկեցնող, հակաբորբոքային միջոց և այլն։ Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները։ Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը։ Տուղտը դեկորատիվ է, մեղրատու։ Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած` որպես դիետիկ միջոց։ Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից` թուղթ և մանրաթել։ Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր։ Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ։ Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում