Կարինե Դանիելյան. «Եթե ծրագիրը չիրականացվի Հին Երևանից որեւէ բան չի մնա»

«Իհարկե դա լավագույն լուծումը չէ, բայց, իմ կարծիքով, չարյաց փոքրագույնն է։ Իհարկե, լավ կլիներ, որ մենք պահեինք այդ խեղճ շենքերն իրենց տեղում եւ ունենայինք Հին Երեւան իր բնական տեսքով եւ դա լիներ տուրիստական կենտրոն։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ հին քաղաքը պահում են եւ դա դառնում է պատմամշակութային կենտրոն»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Հին Երեւան» նախագծին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նա նշեց, որ այժմ կառուցված բարձրահարկ շենքերն էլ կարող էին ընդգրկվել «Նոր Երեւան» առանձին թաղամասում. «Չարեցին այդպես եւ սկսեցին լրիվ ոչնչացնել Երեւանի պատմությունը։ Իհարկե, այդպես հավաքել մի տեղ եւ Հին Երեւանը ստանալ, իմիտացիա է, բան չունեմ ասելու։ Համաձայն եմ այն ճարտարապետների հետ, որոնք դեմ են խոսում։ Բայց ուրիշ տարբերակ չունենք։ Ոչնչացնում ենք վերջին շենքերը եւ իմ միակ հույսը, որ ինչ-որ պատկերացում Հին Երեւանի մասին կունենանք դա է, եթե այդ ծրագիրն իրականացվի։ Եթե չլինի, ուրեմն որեւէ բան չի մնա Հին Երեւանից»։

Կարինե Դանիելյանին հարցրեցինք, թե ինչպես է վերաբերվում պաշտոնյաների կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե «Հին Երեւան» ծրագիրն, անպայման, իրականացվելու է. «Ես հույս ունեմ, որ իրոք կիրականացվի, որովհետեւ այդ մի փոքր բան էլ չանել քաղաքի համար նշանակում է լրիվ ոչնչացնել Երեւանի պատմությունը։ Մի կողմից հայտարարում ենք 3.000 տարվա քաղաքի մասին, մյուս կողմից՝ մի 500 տարվա չենք կարող ցույց տալ։ Բոլորը ջնջեցինք»։

 

Օրացույց
Մենք Facebook-ում