Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է ջրային ոլորտում կատարված աշխատանքը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է իր պաշտոնավարման մեկ տարի՝ տեղեկություններ հայտնելով կատարված աշխատանքի մասին։ Նախարարը մասնավորապես գրել է․ «Մեր երկրի համար փորձություններով լի այս մեկ տարվա ընթացքում գերատեսչությունում կատարվել է ահռելի ծավալի աշխատանք՝ ուղղված Հայաստանի Հանրապետությունում ավելի պաշտպանված, ավելի՛ կանաչ, գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալուն։

Հրապարակումների հատուկ շարքով պարբերաբար ձեր ուշադրությանը կներկայացնենք այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։

Եվ այսպես, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառման ուղղությամբ կատարված աշխատանքներ

  • Մշակվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթը, ինչի ընդունումը կնպաստի Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին և մոտեցումներին համահունչ մոտարկմանը, շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովմանը, ինչպես նաև կնպաստի ջրային ոլորտում առկա խնդիրների լուծման իրավակարգավորմանը։
  • Շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի «Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանելու մասին» N 335-Ն հրամանով սահմանվել են ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ:
  • Կառավարության կողմից 2021 թվականի ապրիլի 8-ին հաստատվել է «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը, որով սահմանվել է փհէկ-երի կառուցման համար արգելված գետերի ցանկը:
  • Կառավարության որոշմամբ հաստատվել է «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտա¬գործման կարգը», որը միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը:
  • 2021 թվականի մայիսի 26-ին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-219-Ն օրենք, որով տարափային (հեղեղային) ջրահեռացման և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) և ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելու, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:
  • Շրջակա միջավայրի նախարարի 2021 թվականի հունիսի 30-ի «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 233-Ն հրաման սահմանվել են ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներ։
  • ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ջրային ռեսուրսների մոնիթորինգի և գնահատման պահանջներին համապատասխան «ԵՄ Ջրային նախաձեռնություն+» ծրագրի շրջանակում 2020 թվականի հունիսից իրականացվում է մակերևութային ջրերի հիդրոկենսաբանական մոնիթորինգ` Արփա, Որոտան, Դեբեդ գետերի ավազաններում (մինչ այժմ ջրի որակը գնահատվում էր կիրառելով միայն ֆիզիկաքիմիական ցուցանիշները):
  • Հայաստանում փաստացի գործող 47 հիդրոօդերևութաբանական կայաններից` Երևանում և ՀՀ վեց՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում, ՄԱԶԾ օժանդակությամբ արդիականացվել են 23-ը` ավտոմատ օդերևութաբանական գերժամանակակից կայանների ներդրմամբ:
  • Զննությունների արդյունքում ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է անհամապատասխանություններ, 45 խախտման վերաբերյալ միջնորդագիր է ուղարկվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տրամադրվել է 183 ջրօգտագործման թույլտվություն։Երկարաձգվել է 207 ջրօգտագործման թույլտվություն։Վերաձևակերպվել է 21 ջրօգտագործման թույլտվություն։ Մերժվել է 48 ջրօգտագործման թույլտվության ստացման հայտ։
  • Գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ներկայացրել 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսությունում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խնդրել եմ գլխավոր դատախազին քննության առարկա դարձնել անբարեխիղճ տնտեսվարողների վարքը, ընդերքին ու պետությանն հասցված վնասի հաշվարկ կատարել և գործընթացին իրավական լուծում տալ»։
Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում