«Գամփռի ձագը մղկտում է ցավից»․ Հայաստանում շարունակվում են «վայրենի բարքերը» (տեսանյութ)

Զգուշացում. հրապարկումը պարունակում է դաժանություն ցուցադրող կադրեր:

Հայաստանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքը և խնամքի մեթոդները հաճախ շարունակում են մնալ միջնադարյան, վայրենի և ոչ մասնագիտական, իսկ շատ դեպքերում նաև՝ դաժան։ Այս տեսանյութը «Հայկական Գելխեղդ» սոց․ խմբում բեռնել է Ջանգիր անունով օգտատերը, որը հավանաբար նաև եզդի համայնքի ներկայացուցիչ է։ 

Տեսանյութում երկու տղամարդ դաշտային պայմաններում ակնհայտորեն ոչ ստերիլ, ավելին՝ կեղտոտ և ժանգոտված մկրատով, առանց ցավազրկման և այլ համապատասխան միջոցների կտրում են շան ձագի ականջները։ Տեսանյութում կենդանին աղիողորմ մղկտում է ցավից, իսկ տղամարդիկ շարունակում են իրենց գործը՝ դեռ ուղղումներ մտցնելով կտրվածքի մեջ։ 

Ջանգիր, Էջմիածին

Վերջում՝ փայլուն կատարելով իրենց առաքելությունը, տղամարդիկ հող են շաղ տալիս ձագի նոր կտրած ականջների վրա։ 

Այս մոտեցումը կենդանիների նկատմամբ ոչ այլ ինչ է, քան դաժան և ոչ պատասխանատու վերաբերմունք։ Օգտատեր Ջանգիրը հպարտությամբ վերնագրել է տեսանյութը․ «Ov Chi tesel kyanqum tox tena», հավանաբար կարծելով, թե մեծ սխրագործություն է տեղի ունեցել։ Վերջինս նաև Էջմիածին քաղաքի բնակիչ է։

Նշենք նաև, որ «Հայկական Գելխեղդ» և նմանատիպ սոց․ հարթակներում ակտիվորեն խրախուսվում է նաև կենդանիների մարտերը, դրանց բուծումն ու վաճառքը։ 

Կենդանիների ոլորտում նման իրավիճակի առկայությունը շարունակում է մնալ ոչ պատշաճ վերահսկման, գործող իրավական նորմի ոչ լիարժեք կիրառման, իրազեկման պակասի և կարգավորող օրենքի բացակայության հետևանք։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգել խնդրին պատշաճ համակարգային լուծում տալու անհրաժեշտության մասին։

Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսում է քրեական պատասխանատվություն:

Հոդված 258.2. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը

1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը` 

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում