Հերթական «բնապահպանը»՝ կարմիրգրքյան արջի որսորդ

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 7-ին, ժամը 06.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ:

Պաշտոնական տեղեկատվությամբ ասվում է․ «Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդը իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին»:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ արջի ապօրինի որսի հեղինակը Հորս գյուղի «Հայանտառ» ՊՈԱԿ անտառապահն է:

Սա ևս մեկ դեպք է, երբ ապօրինի որսի հեղինակ է դառնում բնությունը պահպանել կոչված կառույցի աշխատակիցը։ Հիշեցնենք, որ վերջերս Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպք է արձանագրվել, որի մասնակիցներ են հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ 

Ոստիկանությունը հայտնել է նաև, որ արջի որսի դեպքի հանգամանքները պարզվում են և կատարվում է հետաքննություն:

ՀՀ–ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: 

Լուսանկարը՝ այլ դեպքից։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում