«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի ուղեգծում հայտնաբերվել են կարմիրգրքյան 5 բույսեր և 1 կենդանատեսակ
Արփա գետի անանուն վտակի վրա «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման՝ շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման (ՇՄԱԳ) հայտին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել։
Հիշեցնենք, որ «Ջինջ Արփա հիդրո» ՍՊԸ-ն նախատեսում էր Արփա գետի աջակողմյան անանուն վտակի վրա 2,71 ՄՎտ հաշվարկային հզորությամբ փոքր ՀԷԿ կառուցել, սակայն ՇՄՆ–ը ՓՀԷԿ-ի կառուցումը մերժել է։
Էկոլոգ–փորձագետ Հրաչիկ Միրզոանն այս նախագծի առնչությամբ գրել է․ «այդ նախագծի կենսաբազմազանության ուսումնասիրությունը /ոչ այն տարբերակը, որը ընդգրկվել է ՓՀԷԿ-ի ՇՄԱԳ-ում/ ես եմ կատարել։ Ուսումնասիրության ընթացքում ՓՀԷԿ-ի ուղեգծում հայտնաբերվել են 5 կարմիրգրքյան բույսեր և կարմիրգրքյան Գորշ արջի գործունեության հետքեր։ Այդ մասին տեղեկացվել է ՇՄ-ի պատասխանատուին և պատվիրատուին»։
ՇՄ նախարարությունը մերժումը հիմնավորել է հետևյալ կերպ․ «Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին ՀՀ օրենքի հոդված 18-ի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2009թ․ սեպտեմբերի 17-ի «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայր և «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունը հաստատելու մասին» N 1063-N որոշման 1-ին հավելվածի 1-ին և 6-րդ կետի 1) ենթակետի ա) մասի՝ արգելվում է գետերի վրա արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման և չորացման համակարգերի, ինչպես նաև՝ նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը։
ՀՀ կառավարության 2014 թ․ սեպտեմբերի 25-ի N 1059-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ի 21-րդ կետի 3) պարբերության պահանջով նախատեսվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրի հենքի վրա ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկ, որտեղ կմիավորվեն նաև «Ջերմուկի անտառային» և «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրերը, ինչը հնարավորություն կտա ապահովել Վայոց ձորի մարզի էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը։ Հետևաբար ՓՀԷԿ-ի կառուցումը բացասական ազդեցություն կունենա միկրոկլիմայի վրա, ինչը հետագայում կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունության, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանության համար։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Ջինջ Արփա հիդրո» ՍՊԸ-ի միջև 18․12․2017թ․կնքված անտառային հողերի սերվիտուտի պայմանագրի կնքման համար հիմք է հանդիսացել գյուղատնտեսության նախարարության կողմից 01․12․2017թ-ին թիվ ԱշՀ/ԱրՊ/10980 գրությունը, համաձայն որի նախարարությունը չի առարկել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Ջինջ Արփա հիդրո» ՍՊԸ-ի միջև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սերվիտուտի պայմանագրի կնքմանը՝ ծառերի և թփերի հատում չիրականացնելու պայմանով։ Նշված պայմանը հաշվի չի առնվել և ներկայացված նախագծային փաթեթում նախատեսված է 434 հատ ծառի և 56 հատ թփի հատում։
«Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման նախնական գնահատման հայտը շրջակա միջավայրի ազդեցության նախնական փորձաքննության է ներկայացվել ոչ լրակազմ, բազմաթիվ թերություններով, մասնավորապես, առկա են էական անհամապատասխանություններ՝ «Արփա-Ջերմուկ» հիդրոլոգիական դիտակետի ջրի մակարդակի բնութագրիչների, բնապահպանական թողքի հաշվարկման բաղադրիչ մեծությունների վերաբերյալ։ Հիդրոլոգիական շարքերի ժամանակագրական անհամապատասխանության արդյունքում՝ «Արփա-Ջերմուկ» հիդրոլոգիական դիտակետի բնապահպանական թողքի ամսական արժեքները, հետևապես նաև ՓՀԷԿ-ի գլխամասային հատվածի բնապահպանական թողքի արժեքները հաշվարկված են սխալ։
Հանրային քննարկումների մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել նախագծի իրականացմանը՝ պայմանավորված այն մտահգությամբ, որ «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցումը և շահագործումը նշված գետահատվածքում կմեծացնի Արփա գետի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով (արդեն իսկ շահագործվում են 4 ՓՀԷԿ-եր, նաև՝ կասկադային տեղադիրքով) և կհանգեցնի առկա բնապահպանական ռիսկերի ավելացմանը»։