Ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այս տարի գործարկվեց «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգը, համաձայն որի` «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացրած, ապա Շրջակա միջավայրի նախարարության հետ պայմանագրեր կնքած բոլոր ձկնորսներն արդյունագործական ձկնորսություն էին իրականացնում օրենքի սահմաններում, սահմանված կարգով ու չափաքանակներով։

Ձկնորսները լիճ մուտք էին գործում կարգով նախատեսված, ազգային պարկի կողմից վերահսկվող տեղամասերից, ձկնորսությունն իրականացնելուց հետո վերադառնում նույն տեղամաս, կշռում որսված ձուկն ու արձանագրում համապատասխան փաստաթղթերով։
Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված էր 300 տոննա սահմանաչափ։

Ամփոփելով «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» որսաշրջանը՝ ՇՄ նախարարությունն արձանագրել է՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 255 պայմանագիր շուրջ 236 տոննա ձկան որս իրականացնելու համար, որսաշրջանի ողջ ընթացքում որսվել է շուրջ 204 տոննա ձուկ, որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ընդգծում է, որ «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» ծրագրի ամբողջ ընթացքում պարբերաբար արձանագրվել են դեպքեր, երբ որսվել է արդեն իսկ ձվադրման փուլում գտնվող սիգ ձկնատեսակի մայրական կազմի առանձյակ։ Նշված ծրագրի շուրջ առկա մի շարք խնդիրների և տարաձայնությունների մասին բարձրաձայնել է նաև ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում