Ամուլսարի պահապանները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում են Ջերմուկ․ բաց նամակ

Ամուլսարի պահապանները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակով մասնավորապես ասվում է․

«Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, մենք՝ Ջերմուկ համայնքի բնակիչներս, ովքեր շուրջ երկուսուկես տարի է բազմաթիվ հիմնավոր պատճառներից ելնելով, մեր ֆիզիկական ներկայությամբ ստիպված ենք փակ պահել դեպի ԱՄՈՒԼՍԱՐ տանող հողային ճանապարհը, տեղեկանալով այն մասին, որ Լիդիանի տնօրենների հետ հանդիպմանը դուք կարևորել եք ԱՄՈՒԼՍԱՐԻ շրջակա համայնքների բնակչության կարծիքը, դիրքորոշումը և հավասարակշռված շահը, ողջունում ենք դա։

Մե՛նք՝ ԱՄՈՒԼՍԱՐԻ հարակից Ջերմուկ համայնքի բնակիչներս, հրավիրում ենք Ձեզ Ջերմուկ, ունենալու հանրային բաց հանդիպում։

Առաջարկում ենք, որ հանդիպմանը մասնակցեն նաև մեր համայնքի այն բոլոր սիրելի բնակիչները, ովքեր կողմ են ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ հանք շահագործելու ծրագրին։

Հորդորում ենք չանտեսել մեր խնդրանքը և գալ այդ հանդիպմանը։

Մենք վստահ ենք, որ ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը, լսելով իր ժողովրդի համոզմունքը և տեղում ծանոթանալով իրավիճակին, ականջալուր է լինելու։

Մենք վստահ ենք, որ կառուցողական այդ հանդիպումը լիցքաթափելու և խաղաղեցնելու է վերջին շրջանում աննախադեպ լարվածության մեջ գտնվող Ջերմուկ համայնքը։

Այո՛ , դուք Ջերմուկ գալով ոչ միայն Ձեր որոշումների համար ձեռք կբերեք հստակ փաստեր, այլև համերաշխություն կբերեք մեր համայնք։ Սիրով սպասում ենք Ձեր արձագանքին»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում