Ուշագրավ դիտարկում Ամուլսարի հանքավայրի շուրջ․ դուրս է բերվել կարևոր տարածք

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը հայտնել է UN Biodiversity Lab հարթակի կենսաբազմազանության կարևոր տարածքների (KBA) վերաբերյալ տեղեկատվական հենքում վերջին տարվա ընթացքում իրականացված փոփոխության մասին, ինչը էական նշանակություն ունեցող հանգամանք է Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ առաջացած խնդրի շրջանակներում։ 

Այսեր Ղազարյանը մասնավորապես գրել է․ «2019 թ-ի օգոստոսի 16-ին իմ էջում տեղադրել էի https://www.unbiodiversitylab.org հարթակի վերաբերյալ տեղեկատվությունը ՝ նշելով, որ հարթակը գործում է ՀՀ-ի կողմից վավերացված կենսաբազմազանության կոնվենցիայի ներքո: Նաև նշել էի, որ վերջինս կենսաբազմազանության ու հարող անհրաժեշտ տվյալների տարածական արտացոլման և վերլուծությունների համար շատ կարևոր հարթակ է ու «Ամուլսարի» .... , մյուս խնդրահարույց տարածքների մասով որոշումներ կայացնելիս շատ-շատ ՊԵՏՔ է գալու....

Այսպես ուրեմն, ժամանակին մեր կողմից ներկայացված հիմքերը /ներառյալ այս տեղեկատվությունը/ ևս պետք է օգտագործվեին «Ամուլսարի հանքի» ՇՄԱԳ-ի եզրակացությունը ուժը կորցրած ճանաչելու գործընթացում: Այսօր նկատեցի, որ վերոհիշյալ հարթակում փոխել են /երևի հետագայում կհնչեցվի «ճշգրտվել է» եզրույթը/ հանքի շահագործմանը ևս մեկ պոտենցիալ խոչընդոտ հանդիսացող տեղեկատվությունը, արդյունքում Ջերմուկ քաղաքի շրջակա և Գնդեվազ բնակավայրի հարակից հանքահատկացման պոլիգոնի տարածքների մի զգալի հատված դուրս է բերվել կենսաբազմազանության կարևոր տարածքների (KBA) միջազգային տեղեկատվան հենքից...

Եվ այսպես ներկայացնում եմ 1-ին նկար՝ 2019 թ-ի և 2-րդ նկարը ՝ 05.08.2020թ. դրությամբ կենսաբազմազանության կարևոր տարածքների (KBA) վերաբերյալ «քարտեզները»:

Նման կարգի փոփոխություններ կարող է առաջարկվել միայն կենսաբազմազանության կոնվենցիայի մասով պատասխանատուի՝ ՀՀ ՇՄ նախարարության կողմից»։ 

Նշենք, որ մի քանի օր շարունակ դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջակայքում լարված իրավիճակ է։ Քաղաքացիները շարունակում են դեմ արտահայտվել հանքավայրի շահագործմանը, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում