«Պարոն Մարության, Մեսչյան ես ավելին էի սպասում»․ ԱԺ պատգամավորը՝ Մաշտոցի պուրակի մասին (ֆոտո)

Երևանի Մաշտոցի պուրակում հատված ծառերի թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին իրենց դիրքորոշումն են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ ավագանիներ ու պատգամավորներ։ ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, մասնավորապես, գրել է․ «Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեսչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։

Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեին սրճարաններից, այո՛, դուք իսկապես «բեռնաթափում» եք։

Անկեղծ հոգնել եմ անգամ ավել բան գրելուց և ձեր բախտը փոքր ինչ բերել է»։

Հիշեցնենք, որ օրերս Մաշտոցի պուրակում հատվել են մի քանի թեղիներ, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը։ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս մասին հայտնել է․ «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ:

Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»:

Խնդրին ավելի մանրամասնորեն անդրադառնալու նպատակով կկայանա նաև մամուլի ասուլիս։ 

Միևնույն ժամանակ, «Կենաց Տուն» մշակութային ՀԿ նախագահ Լալա Մնեյանը գրել է․ «Շատ տխուր է տեսնել, թե ինչպե՞ս է բետոնի տակ անցել պուրակի այն հատվածը, որի համար ամենատարբեր տարիքի ու հայացքների տեր մարդիկ ամիսներով պայքարել են նախորդ իշխանությունների օրոք։ Երևանը դարձել է բետոնի, ասֆալտի և ապակու խառնիճաղանջ մի կոնգլոմերատ։ Արարատյան դաշտի տապից մեզ փրկողը պարզվում է ոչ թե ծառերն ու այգիներն են, այլ ջերմություն անդրադարձնող բետոնն ու սալիկները։

Եվ պարզվում է նաև, որ մենք ծառի ու զովություն պարգևող կանաչ տարածքների փոխարեն այսօր կարիք ունենք միայն և միայն սրճարան - ռեստորանների։ Պուրակում կտրել են ծառեր, շարել պատեր, բետոնապատել հողը։ Փողի մոլուցքն այնքան է իր ճիրաններում աքցանել մարդկանց, որ ծառ ու թուփ տնկելու, զբոսայգիներ հիմնելու, շնչելու օդի հնարավորություն ստեղծելու փոխարեն միայն ու միայն բարձրահարկեր կառուցելու և խանութ - սրճարան հիմնելու մասին են մտածում։

Ո՞վ է թույլատրել կառուցապատել այգու տարածքը, կտրել հաստաբուն ծառերը։ Խոսում են, որ կտրած ծառերը թեղիներ են` քաղաքի համար ոչ այնքան պիտանի ծառատեսակ։ Բայց կտրողները քանի՞ հարյուր սոսի ու թխկի են տնկել, որ հիմա էլ իրավունք ունենան թեղիները հեռացնելու։ Ծառի տեսակը պատճառ բռնելը արդարացում չի կարող լինել, քանի որ պուրակը պուրակ պիտի մնա և ոչ թե վերածվի սրճարանի»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում