Պահանջում ենք պատժել «Լիդիան Արմենիա»-ին օրենքի ողջ խստությամբ. «Ամուլսարն առանց հանքի»
Վերջին օրերին դեպի Ամուլսարի հանքավյար տանող ճանապարհները փակ պահող քաղաքացիների և շահագորշել ցանկացող ընկերության միջև ստեղծվել է լարված իրավիճակ: «Ամուլսարի պահապանները» նշում են, որ լարվածությունն արհեստականորեն հրահրվել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը:
Հայտարարությամբ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝
-Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ,
-Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները,
-Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք մուտք գործելը,
- Երեկ՝ 27․07․20 երեկոյան ժամին տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդված տարածքային ոստիկանության միջամտությամբ և դիրքապահ տղաների ձերբակալությամբ,
հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թվարկված իրադարձությունները սադրել է հանքը շահագործել ցանկացող կազմակերպությունը` համավարակի հետևանքով սահմանված արտակարգ իրավիճակի ընթացքում և հատկապես, երբ հայ-ադրբեջանական սահմանում տիրել է պատերազմական իրավիճակ,
շեշտելով նաև այն հանգամանքը, որ վերջին շրջանում բացահայտվել են 5 տասնյակից ավել ազգությամբ թուրք բաժնետերեր, պահանջում ենք ՀՀ կառավորությունից հետևյալը՝
1․ Ուժը կորցրած ճանաչել կազմակերպության կողմից ներկայացված ՇՄԱԳ փաստաթուղթը, հենվելով Էլարդ միջազգային փորձագիտական կազմակերպության և այլ՝ ազգությամբ հայ մասնագետների ու կազմակերպությունների բացահայտած թերությունների վրա։
2․ Խիստ մոտեցում ցուցաբերել Լիդիան Արմենիա կազմակերպության գործունեությանը, հետևողական լինել նրա կողմից կազմակերպված սադրանքների բացահայտմանը և պատժել օրենքի ողջ խստությամբ։
Լիդիան կազմակերպության նմանօրինակ վարքի հանդեպ կառավարության ցուցաբերած չեզոքությունը մեր կողմից դիտարկվելու է որպես միտումնավոր անգործություն, ինչն առիթ է դառնալու հանրային մեծ ըմբոստության։
Հրապարակելով այս պահանջը, նախաձեռնությունը ակնկալում է կառավարության արագ արձագանքը գործողությունների տեսքով»: