Զգուշացում. Կարմիր գրքում գրանցված բույսեր վնասելն առաջացնում է տուգանք
Սպիտակ ջրաշուշան բուսատեսակի ապօրինի հավաքչության մասին համացանցում հնչեցված մի քանի ահազանգից հետո, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ տեղեկացնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսեր հավաքելու համար նախատեսված տուգանքի մասին:
««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերը, կամ այդպիսի բույսերի արմատները, ծաղիկները, պտուղները ինքնագլուխ հավաքելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով»,- հայտնել է ԲԸՏՄ:
Ընդգծենք, որ վերջերս ներգնա զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ ակտիվացել են այցելությունները Ջրաշուշանների լճի տարածք, որը գտնվում է Լոռու մարզի Ուրասար գյուղից 1․2 կմ հյուսիս-արևելք։ Մտահոգ քաղաքացիները պնդում են, որ այցելուները քաղում են ծաղիկները՝ վնաս պատճառելով բնությանը:
Ընդգծենք, որ Ջրաշուշան սպիտակն /Nymphaea alba/ ընդգրկված է ՀՀ բույսերի կարմիր գրքում: Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ–ից պակաս է: Նախկինում՝ մինչև 1930 թ., աճում էր նաև Ապարանի ֆլորիստիկական շրջանում, Մարմարիկ գետի միջին հոսանքի ողողատներում գետի գարնանային վարարումներից առաջացած փոքրիկ լճակներում: Այստեղ տեսակը ոչնչացել է բնական և մարդածին գործոնների բացասական ազդեցության հետևանքով:
ԿԳ տվյալների համաձայն՝ Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում (Լոռու սարահարթի լճակներ. Ստեփանավանի և Տաշիրի միջև): EOO՝ 330 քառ. կմ, AOO՝ 16 քառ.կմ, լոկալիտետները՝ 3: Ընդհանուր արեալը, բացի Հայաստանից, ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Անդրկովկասը, Սկանդինավյան թերակղզին, Եվրոպան, միջերկրածովյան ավազանը, Փոքր Ասիան: Սահմանափակող գործոններ են հանդիսանում հազվագյուտությունը, կլիմայի փոփոխություննռրը, անթրոպոգեն գործունեության ազդեցությունը: Ցավոք, պահպանության միջոցառումներ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ, ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու մարզում: