Գյումրիում մեկ ժամվա ընթացքում թափվել է աննախադեպ քանակությամբ տեղումներ

Ըստ բազմամյա կլիմայական առանձնահատկությունների հուլիս ամսին Հայաստանի տարածքում եղանակային պայմանները կայունանում են, ցիկլոնային գործունեությունը դադարում է։ Մեր տարածաշրջանում տիրապետող են դառնում արևադարձային լայնություններից ներթափանցող չոր և տաք օդային հոսանքները, որոնք ձևավորում են շոգ և չոր եղանակներ։ Սակայն առանձին տարիներին այդ օրինաչափությունը խախտվում է։

Վերջին 5 օրերին պայմանավորված Սև ծովից ներթափանցած ակտիվ ցիկլոնի ազդեցությամբ հանրապետության տարբեր հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ, ուղեկցվելով ամպրոպներով և քամու ուժգնացմամբ, առանձին հատվածներում նաև տեղացել է կարկուտ։

Հուլիսի 13-ի ցերեկը, ժամը 16։00-17։00 ընկած ժամանակահատվածում Գյումրիում դիտվեց աննախադեպ երևույթ, երբ 1 ժամվա ընթացքում տեղաց խիստ հորդառատ անձրև և երկարատաև կարկուտ։ Տեղումների քանակը 1 ժամվա ընթացքում կազմեց 81մմ, որը ամսական նորմայի կրկնակին է։

Դիտված ինտենսիվ անձրևի և կարկտի առաջացման պատճառը հետևյալն է․
հուլիսի 13-ին ՀՀ տարածքը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որի ամպամածության գոտին տեսանելի է արբանյակային լուսանակարի վրա։ Ցերեկը ժամը 15։00 դրությամբ ՀՀ-ից դեպի արևմուտք նկատվել է հզոր կույտաանձրևային ամպերի զարգացում։

Օդերևութաբանական ռադարի վրա ցերեկը ժամը 15։00 տվյալներով նկատվում են հզոր ամպրոպային ամպեր, որոնք գտնվում են Շիրակից հարավ և հարավ-արևմուտք։ Այդ ամպերի ուղղաձիգ հզորությունը հասնում է 12-14կմ-ի և ունեն 50դբզ անդրադարցման մակարդակ, ինչը ցույց է տալիս, որ այդ գոյացությունները գերհզոր կարկտի և անձրևի կուտակումներ են։

Քանի որ 5000-7000մ բարձրությունների վրա, որտեղ գտնվում են այդ ամպերի հիմնական զանգվածները առկա են եղել հարավային և հարավ-արևմտյան հոսանքներ, դրանք ժամը 16։00 սահմաններում հասել են Շիրակ, իսկ ամենակտիվ գոտում հայտնվել է Գյումրին, որտեղ թափվել է աննախադեպ քանակի անձրև և կարկուտ։

Առատ տեղումների պատճառով Գյումրի քաղաքում առաջացել են մեծ հեղեղումներ, որոշ հատվածներում սելավաջրերը ծածկել են ավտոմեքենաները և լցվել բնակելի շինությունները։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում