«Ստրուկ» կապիկը․ կենդանին ենթարկվում է ծաղրական և նվաստացուցիչ վերաբերմունքի (տեսանյութ)

Կենդանիները շարունակվում են օգտագործվել որպես զվարճանքի և բիզնես միջոց։ Օրերս համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ ռեզուս մակակ տեսակի կապիկը հանդիսանում է հանդիսավարուհի Գայանե Հապետյանի «ստրուկը»։ Նշված կինը տեսանյութի մեջ կապիկին անվանում է «ստրուկ» և ենթարկում է նրան տանջալից վարժանքի։ Գայանե Հապետյանը, ըստ մեր տեղեկությունների, բնակվում է Արցախի Հանրապետությունում։ 

Վերջինիս կողմից հրապարակված բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարզեց նաև, որ վերջինս իր կողմից իրականացվող միջոցառումներին մասնակից է դարձնում նաև կապիկին, որին անվանակոչել է «Բարս»։ Տեսանյութերում կապիկը ենթարկվում է ակնհայտ ծաղրական, դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի, կատարում է վարժանքների հետևանքով սովորած տանջալից համարներ, Գայանե Հապետյանի կողմից քաշքշվում է այս ու այն կողմ և ենթարկվում է այլ բռնի գործողությունների։ 

Այնուամենայնիվ, կինը մեկնաբանություններում պնդում է, որ «սիրում և հոգ է տանում» կապիկի մասին։ Ըստ նույն աղբյուրի՝ վերջինս կապիկին ձեռք է բերել Հնդկաստանից։ «Բարս» անունով վզկապով կապիկը հանդիսավարուհու համար հանդիսանում է ոչ միայն եկամտի աղբյուր և բիզնես միջոց, այլև՝ իր դուստրերի ձեռքի խաղալիքը։ Տեսանյութերում ցուցադրվում է՝ ինչպես են կապիկին քարշ տալիս փողոցով մեկ, նետում լողավազանը, կապիկը պարբերաբար հայտնվում է կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում, կռվում է շների հետ, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ 

«Բարս» անունով վզկապով կապիկը սնվում է իր բնական անհրաժեշտություններին հակասող սնունդով, ինչը մեծ առողջական ռիսկեր է պարունակում։ 

Գայանե Հապետյանը մեկնաբանում է․ «Ի դեպ, իմ սիրելի կապիկը, որ ես երեխաներիս չափ հավասար պահում եմ ավելի խելացի ու ընդունակա․․․ սիրելի դիտորդներ ովքեր որ զուրկ են հասկանալու ընդունակությունից խնդրում եմ Ձեր սահմանափակ կարծիքները այստեղ չգրել․․․ իմ կենդանին իմ ընտանիքի անդամն ով ճանաչում է ինձ շատ լավ տեսել է իմ մոտեցումը ու խնամքը իմ կենդանու հանդեպ»։

Իսկ պատասխանելով «ստրուկ» լինելու մասին հարցադրմանը նշել է՝ «դերա կատարում ընդամենը․․․ վարժեցնում եմ չեմ սպանում» /մեկնաբանությունները ներկայացված են առանց խմբագրման/։ 

Տեսանյութերում կենդանին մշտապես վզկապով և տակդիրով է, ինչը կենդանու համար անդադար սթրեսի աղբյուր է։ 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ընդգծում է, որ այս պարագայում չեն ապահովվում կապիկի կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը, ուստի հրավիրում ենք Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի և տեղի կենդանասերների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ-ում կազմակերպվել է ստորագրահավաք ընդդեմ կրկեսներում կենդանիների շահագործման, որը լայն արձագանք է ստացել հասարակության կողմից։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում