Գագիկ Ծառուկյանի առյուծի նորածին ձագերն անկել են
Գագիկ Ծառուկյանի կողմից պահվող առյուծների /Panthera leo/ ձագերից մի քանիսն անկել են:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ մայիս ամսին հասարակությանը ներկայացված առյուծի 4 նորածին ձագերից երկուսն անկել են: Անկման պատճառներն ու այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 2020թ.-ի մայիսի 4-ին պատգամավորի պաշտոնական էջում հայտնվեց տեղեկություն, որում ասվում է. «այսօր առավոտյան եզակի ցեղատեսակի՝ ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել», ավելի ուշ՝ մայիսի 20-ին հրապարակված տեսանյութում առյուծի ձագերն արդեն 3-ն են:
Մեկ այլ՝ Սիմբա անունով առյուծի լույս աշխարհ գալու մասին Գագիկ Ծառուկյանը հայտնել է մարտ ամսին:
Նշենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքի հոդված 21-ը սահմանում է. «Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման»:
Ըստ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների՝ կենդանու մոտ առկա է ալբինիզմ, ինչը վկայում է կենդանու մոտ առկա գենետիկ բնածին մուտացիայի մասին: Այսինքն, նշված առանձյակը պատկանում է նույն Panthera leo տեսակին՝ ենթարկված գենետիկ ձևափոխման, այլ ոչ թե՝ աշխարհում չափազանց հազվագյուտ համարվող Panthera leo krugeri ենթատեսակին: Նշված առանձնահատկությունը հաստատապես պարզելու նպատակով անհրաժեշտ է կատարել գենետիկ փորձաքննություն:
Այժմ անազատության մեջ պահվող գրեթե բոլոր սպիտակ կենդանիները /ալբինոս/ համարվում են իմբրիդինգի (նեղազգակցական խաչասերում) հետևանք, ինչի պատճառով կենդանիները հաճախ ծնվում են գենետիկ դեֆեկտներով: Այս պատճառով միջազգային կառույցներն ունեն դիրքորոշում այս հարցի առնչությամբ, այդ թվում՝ 2011թ.-ին Կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիան (AZA/Association of Zoos and Aquariums), որի տնօրենների խորհրդի որոշմամբ անդամ այգիներին արգելվել է բուծել սպիտակ վագրերի, սպիտակ առյուծների և թագավորական հեպարդների:
Կենդանիների անկումը հնարավոր է պայմանավորված է եղել վերոնշյալ հանգամանքներով: