«Սա ընդամենը սկիզբն է»․ շուրջ 1000 աշխատակիցներ 7 մարզերում 2 մլն ուռենի են տնկել (ֆոտո)

Շրջակա միջավայրի նախարարության կողմից համակարգվող, Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում հունիսի 1-ի դրությամբ տնկվել է շուրջ 1.950.000 տնկի։ Օրերս Լոռու մարզի Վանաձորի անտառտնտեսության տարածքում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակովՇնպատակով միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ միասին մեկնել են մի խումբ լրագրողներ։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս գտնվեց տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին և զրուցեց ներկաների հետ։ 

«Վանաձորի անտառտնտեսությունում տնկվում է 224 հազար ուռենու կտրոններ, աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տեղանքն ընտրել ենք բարձրադիր գոտիներում, որտեղ տեղում հնարավորություն կա կտրոններ պատրաստելու, որպեսզի ժողովրդին էլ հեշտ լինի կտրոնները պատրաստել, տնկել, բացի այդ՝ բարձրադիր գոտում կպչողականության տոկոսը բարձր է։ Կոնկրետ այս օրինակով մտածում ենք, որ շատ լավ արդյունք ենք ունենալու։ Տարածքներ կան, որոնք նախատեսում ենք նաև ցանկապատել, որտեղ գյուղատնտեսական կենդանիների մուտք կա։ Ուռենի տեսակն ընտրվել է, քանի որ ապահովում է բարձր կպչողականություն, ծրագիրն իրականացնելու համար ուռենին նպատակահարմար է նրանով, որ արդյունքները լավը կլինեն, ուռենին նաև ափապաշտպան է, քանի որ այստեղ կան տարածքներ, որտեղ ափերը փլվում են, իսկ ուռենիների աճելուց հետո ափերը պաշտպանված կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի անտառտնտեսության ղեկավար Ռաշիդ Կոստանդյանը։ 

Վերջինս մանրամասնեց, որ ծառատնկման աշխատանքներն իրականացվում են երեք ուղղությամբ, որտեղ ներգրավված են մոտ 100 աշխատակիցներ։ Առաջնահերթությունը տրված է հարակից համայնքների բնակչությանը, բայց քանի որ առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում, մեծ պահանջարկ եղավ աշխատանքի։ «Շատ մարդիկ ոգևորվել են ծրագրով և հայտեր ներկայացրել։ Մենք ներգրավել ենք բոլորին, առաջնահերթությունն էլի տվել ենք հարակից համայնքներին, բայց փորձել ենք բոլորին ներառենք։ Այժմ, աշխատակիցների մոտ 100-ից 30-ը այլ համայնքներից են»,- եզրափակեց նա։ 

Տեղում աշխատանք իրականացնող բնակիչները նշեցին, որ այս ծրագիրը մեծապես նպաստել է նրանց եկամուտ ստանալուն և քանի որ այս տարի չեն մեկնել արտագնա աշխատանքների, ապա կարողացել են հոգալ իրենց կարիքներն ծառատնկման միջոցով։

Զրուցեցինք նաև ՇՄ նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ, որը համակարգում է այս ծրագիրը։ Պարոն Մելիքյանը նշեց․ «Մարզերի ընտրությունը հիմնականում պայմանավորված է կլիմայական պայմաննեով, քանի որ արդեն բավականին ուշ է՝ մայիսի վերջը ծառատունկի համար այդքան էլ նպատակահարմար չէ, ընտրվել են բարձրադիր տարածքները՝ 1800-2400 մ, դրանով պայմանավորված ոչ բոլոր մարզերում կային համապատասխան տարածքներ։ Ներկայում աշխատանքներ իրականացվում են 7 մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Կոտայք, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ և Շիրակ։ 

Վանաձորի անտառտնտեսությունը 3-րդն է աշխատանքների ծավալով։ Քանի որ ծրագրի նպատակն ափապաշտպան անտառաշերտի ստեղծումն է, իսկ բնական ուռենին աճում է գետերի ափերին, այն վայրերում որտեղ մենք չենք վերացրել, աճում են, ուստի ընտրվել է ուռենի տեսակը։ Այսինքն, այժմ մենք վերականգնում ենք նախկինում գոյություն ունեցած անտառաշերտերը։ Հենց տեղում վերցվում են կտրոններն ուռենիներից, որոնք դեռ մնացել են և այդ կտրոնները տնկվում են, այսպիսով մենք կվերականգնենք այն լանդշաֆտը, որը նախկինում եղել է»։ 

Մեր զրուցակիցը ընդգծեց, որ այս ծրագիրը նաև աղետների ռիսկի նվազեցման կոմպոնենտ ունի և ծրագրի միջոցով նաև կմեղմվի ափերի էրոզացման խնդիրը, որն իր հերթին բերում է հետագայում սելավների, աղետների։ Ըստ փոխնախարարի՝ օգուտները բազմաթիվ են լինելու և սա ընդամենը սկիզբն է։ 

Խոսելով ծրագրի սոցիալական կոմպոնենտի մասին, վերջինս նշեց․ «Աշխատակիցների համար այդ սոցիալական մասը շատ ավելի կարևոր է, քան բնապահպանականը, բայց մենք փաստորեն երկու խնդիր ենք լուծում․ այժմ՝ պայմանավորված համավարակով, մարդիկ իհարկե աշխատանքի խնդիր ունեն և մենք այսպիսով նաև եկամտի խնդիր ենք լուծում որոշ չափով։ Ընդհանուր Հայաստանի մասշտաբով նախատեսել ենք 1000 աշխատակից ունենալ։ Նշեմ, որ ծրագիրը նաև երկու հիմնադրամների կողմից է իրականացվում՝ Armenia Tree Project (ATP) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), նրանք կտնկեն 250 հազարական կտրոն և համապատասխանաբար 125-ական աշխատողներ են ներգրավել, իսկ «Հայանտառ»-ը այս պահին 635 աշխատող է ներգրավել, մինչև ծրագրի վերջ կհասնի 750-ի, որովհետև բացի կտրոնների տնկումից նաև շարունակությունն ունենք՝ ցանկապատում, որտեղ նույնպես մարդիկ ներգրավված են»։ 

Վարդան Մելիքյանի խոսքերով՝ 200 մլն․ արժողությամբ ծրագրի մոտ 75 տոկոսը կկազմի աշխատակիցների աշխատավարձերը, ընդհանուր նախատեսված է տնկել 2 մլն կտրոն։ 

Իսկ աշխատանքների իրականացման ճշգրտությանը հետևում է Վանաձորի անտառտնտեսության անտառկուլտուրաների ինժեներ Ամիրյան Գառնիկը։ Վերջինս ներկայացրեց․ «Մենք բոլորին նախօրոք բացատրում ենք, թե ինչ քանակով, ինչ չափով պետք է լինեն կտրոնները, որն է ճիշտը, որպեսզի նրանք իմանան։ Ցուցադրվել է նաև տնկման հեռավորությունները, տեղանքը, ընթացքում էլ քարտեզագրում ենք բոլորի աշխատանքները, որպեսզի տեղում հասկանանք, որ եթե ինչ որ խնդիր կա, իրենց ցուցում տանք և կարգավորվի։ Քայլելով GPS տվյալներով բոլոր տեղամասերով արված աշխատանքներին հետևում ենք։ Ստուգում ենք աշխատակիցների ներկայացրած տվյալները, հետո վերցնում ենք պատահական փորձահրապարակներ, ստուգում ենք ու եթե նորմալ է, ապա + դնում ենք։ Մեկ աշխատակիցը երբ 2000 կտրոն տնկում է, իր աշխատանքը դադարեցվում է»։ 

Ծրագիրն արդեն գրեթե մոտեցել է ավարտին և տնկվել է շուրջ 2 մլն կտրոն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում