Վայք համայնքի բնակիչները մերժվա՞ծ են...

«Վայք Ինֆոտուն» նախաձեռնությունից տեղեկանում ենք. «Վայք համայնքի ավագանին՝ փետրվարի 28-ին կայացած նիստից 3 օր անց՝ մարտի 2-ին, հրապարակեց որոշում․ «Տալ նախնական համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բազմամետաղ հանքավայրի փակ շահագործման վերաբերյալ»։ Սրանով հնարավորություն ընձեռնվեց մեկնարկելու հանքարդյունահանման գործընթացը անմիջապես Վայք քաղաքի և Ազատեկ գյուղի, իսկ այնուհետև նաև Արին գյուղի տարածքում։

Այսպիսով, փաստացի մերժվեց Վայքի, այս պահին արդեն 500 բնակիչների ստորագրությամբ ՀԱՆՐԱԳԻՐԸ՝ համայնքի տարածքում հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ Այս որոշումն ավագանին կայացրեց կարծես ի հեճուկս համայնքի սրտացավ բնակիչների պայքարի։

Ծանոթություն։ Վայք համայնքի ավագանին ունի 11 անդամ։ Նիստին մասնակցում էին 7-ը։ Որոշմանը կողմ են ստորագրել 6-ը։ Դեմ է եղել միայն Մերի Ջանոյանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Վայքը հանք չի դառնա» նախաձեռնող խմբի կողմից համայնքի ղեկավարին է փոխանցվել բնակիչների հանրագիրը, որի պահանջներից գլխավորը հետևյալն էր՝ ընդունել որոշում, որով կարգելվի և ապագայում կբացառվի Վայք համայնքի վարչական տարածքում իրականացնել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքներ։

Հանքավայրը շահագործելու ցանկություն ունի վերջերս ստեղծված «Վայք-ինվեստ» ՍՊԸ-ն: Զառիթափ համայնքում այս ընկերությանը մերժեցին: Իսկ Ազատեկ համայնքում կայացած լսումները վիճահարույց են:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում