Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են «10/10/10» ծրագրի մանրամասները

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ենթակա ՊՈԱԿ-ների, ոլորտային գիտական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «10/10/10» նախաձեռնության շրջանակներում տնկվող ծառատեսակների որակական ու քանակական հատկանիշները, անտառտնկման համար անհրաժեշտ տարածքների քարտեզագրմանը, անտառի խտությանը և որոշ ծառատեսակների տնկման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր: Կարևորվել են նաև անտառպահպանությանը և հետագա խնամքին, ինչպես նաև եղանակային առանձնահատկություններին վերաբերող հարցերը:

Մասնագետները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկել լուծումներ։
Բազմաշերտ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև վայրի պտղատու ծառերի տնկման հնարավորությանը, տնկանյութերի տեսակներին, հողի նախապատրաստմանն ու խառն անտառի տնկմանը, ինչպես նաև գետերի հուների ու ճանապարհամերձ հատվածներում ծառատունկ իրականացնելու հավանականությանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց նոր ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ (10-րդ ամսի 10-րդ օրը), ինչը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը։ 

Այս հայտարարության «թերահավատորեն» արձագանքեցին բազմաթիվ մասնագետներ՝ առաջ բերելով բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ, անտառագետ Այսեր Ղազարյանը նշել է. «Սա արդեն ոչ թե դիլետանտություն է, այլ խայտառակ սուտ, և այն մարդիկ, որոնք «նեխած ձմերուկներ» են տեղավորում վարչապետի թևերի տակ, ուղղակի չասեմ ինչ են...

Ընդունենք, որ այդ ծառերը իրենք իրենց են տնկվելու, իրենք իրենց են խնամվելու և բացառում ենք բոլոր առկա ռիսկերը /հրդեհ, արածեցում և այլն/, բայց ՀՀ-ի տնկարաններում այսօրվա դրությամբ նույնիսկ մեկ միլիոն հատ տնկի չունենք»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում