ՀՀ-ում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի
![](https://econews.am/disk/23-01-20/b842264029e32824a1f244574fdcd72c.jpg)
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։
Նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է համապատասխան որոշման նախագիծը՝ մասնավորապես նշելով, որ սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորման հետ։
Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Oգտագործված պլաստիկ արտադրանքով, այդ թվում նաև պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները:
Սույն նախաձեռնությամբ նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը կստիպի օգտագործել այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկեր և տոպրակներ: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի ձևավորմանը և վերականգնմանը:
Հավելենք նաև, որ «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար։ Մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։
Այս թեմայով
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/04-10-22/4a3536fc02a856929a0afb44821c5e8b.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/27-09-22/dab2c98e135e8cf6c4b4578d5fd717cc.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/20-09-22/7462ef4c0df27827d253d11959945c93.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/13-08-22/c1369475880d804a2e4d0d16407214a0.jpg&w=300&h=200)
![](/timthumb.php?src=http://econews.am/disk/24-08-22/3639bc5f877a3013b950bd8ef05ca4bc.jpg&w=300&h=200)