Արմավիրում «սիրո գերիները» շարունակում են տանջվել... (տեսանյութ)

Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգու» մասին, որի տնօրենն ի դեպ այն «Արմավիրի կենդանաբուսաբանական այգի վայրի կենդանիների փրկության կենտրոն» է անվանում, բարձրաձայնել և ահազանգել ենք բազմիցս: Նշված տարածքում պահվող կենդանիների վիճակի մասին շարունակում են ահազանգել նաև այցելուները: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ստացել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք լավագույնս նկարագրում են ստեղծված իրավիճակը: 

Արմավիր, 2019թ., հոկտեմբեր

Լուսանկարն արվել է նշված տարածքում բոլորովին վերջերս: Ավելի քան մեկ տարի առաջ Արմավիր այցելության ընթացքում լուսանկարել ենք ուղտին, որն ըստ նշված մասնավոր այգու տնօրեն Արմեն Թադևոսյանի բերվել է Գյումրիում գտնվող մեկ այլ տխրահռչակ մասնավոր այգու տարածքից: Գյումրու դեպքերը բավական հայտնի են թե՛ տեղի, թե՛ միջազգային հանրությանը. մասնավոր տարածքում պահվող կենդանիները սովի էին մատնված, քանի որ սեփականատերը ի վիճակի չէր կերակրելու կենդանիներին: 

Արմավիր, 2018թ., օգոստոս

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Արմեն Թադևոսյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ նշված «այգում» նույնպես խնդիր կա կենդանիներին կերակրելու հետ: Վերջինս նշել է. «Այժմ 3 օրը մեկ հացի փռերից հետ եկած հացերն եմ 5000 դրամով գնում, թրջում եմ, որ արջերը ուտեն: Դա հերիք չի անում, տալիս եմ, որ գոյությունը պաշտպանեն մինչև տեսնեմ ինչ է լինում»: 

Ստեղծված իրավիճակը կանխատեսելի և սպասելի էր դեռևս մեկ տարի առաջ, քանի որ ՀՀ-ում գրեթե ամբողջությամբ բացակայում է կարգավորող օրենսդրական դաշտն ու պատշաճ վերահսկողությունը, ինչը պետք է ապահովի անազատ պայմաններում պահվող կենդանիների բարեկեցությունը: Գյումրու հայտնի դեպքերից տարիներ են անցել, սակայն, ցավոք սրտի, ՀՀ-ում իրավիճակը չի փոխվում...

Արմավիրի «մասնավոր կենդանաբանական այգում» նաև 4 գորշ արջ կա, որոնցից երկուսը դեռ ձագ են. ծնվել են 2017-2018թթ.-ին, քանի որ տնօրեն Արմեն Թադևոսյանը որոշել էր ապացուցել, որ 23-ամյա ծեր արջը կարող է բազմանալ: Նշված տարածքում կա նաև առյուծ, որի պահման անվտանգության կանոնները պահպանված չեն և կենդանու փախուստը բացառված չէ: Առյուծի հետ «տետ-ա-տետ» շփվում է նաև Արմեն Թադևոսյանի անչափահաս որդին: Նույնանման պայմաններում պահվում են նաև հազվագյուտ կարմիրգրքյան թռչուններ և այլ կենդանիներ: 

Նշենք նաև, որ Արմեն Թադևոսյանը նաև կենդանիների առք ու վաճառքով է զբաղվում: Վերջինս առցանց վաճառքի կայքէջերից մեկում վաճառում էր եվրոպական եղնիկ, որը ծնվել էր կրկին Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգում»: 

Արմավիրում գտնվող «մասնավոր կենդանաբանական այգուն» առնչվող հոդվածաշարը հրապարակվում է «սիրո գերիները» խորագրի ներքո, քանի որ այլ անվանում, քան գերություն այս կենդանիների պահման պայմաններին դժվար է տալ, իսկ պարոն Թադևոսյանը հավանաբար զոհն է դարձել սեփական զգացմունքների, որոնք վերջինս «սեր» է անվանում: 

Նշված դեպքի մոդելը օբյեկտիվորեն ցուցադրում է թե պետական մարմինների, թե հասարակության վերաբերմունքն առհասարակ ՀՀ-ում բնապահպանության և կենդանապաշտպանության ոլորտներում առկա խնդիրների նկատմամբ:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում