Ամուլսարում ուրան, թորիում և ռադիում տարրերի առկայության մասին սովետական երկրաբանների ուսումնասիրությունն ամբողջությամբ

Սովետական երկրաբանների 1952-1954 թթ. Ամուլսարում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների հաշվետվության եզրակացությունները:

ԳԼՈՒԽ VI. ՀԻՄՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆ

1. Ամուլսարում տարվող հանքաերևակման երկրաբանա-երկրաֆիզիկական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ ապարների բարձր ակտիվությունը բխում է երեք տարրերի առկայությունից՝ ուրան, թորիում և ռադիում, ընդ որում վերջին երկուսի ակտիվության տեսակարար կշիռը առավելագույնն է:

2. Հանքաերևակումը գտնվում է ինտրուզիվ զանգվածում, իսկ հանքայնացման մասը տարածականորեն սահմանափակված է հիդրոթերմիկ ազդեցությամբ սերիցիտացված, պորֆիրանման գրանիտի սալաշերտերում մոտ 0.03 քառ. կմ ընդհանուր մակերեսով:

3. Հանքայնացումը տեղակայված է հանքաերևակման Կենտրոնական տեղամասում ուրան-թորիում հանքանյութի խառնուրդի տեսքով, որը ներկայացված է, նախևառաջ, ուրանի երկրորդական միներալացմամբ ֆոսֆորա-կալցիումա-պղնձային թերթաքարի տեսքով (օտիտ, մեթատորբերնիտ և տորբերնիտ); երկրորդ՝ թորիումի երկրորդական միներալացմամբ, չհստակեցված բաղադրությամբ ուրան պարունակող թորիումի միներալի նստվածքի տեսքով; երրորդ՝ ցրված ուրանի ու թորիումի անհայտ միներալի տեսքով և, վերջապես, ուրանի ու թորիումի ակցեսորային միներալների հետ կապի տեսքով (ցիրկոնի և տիտանիտի):

4. Որակավորմանը համապատասխանող ուրանի ու թորիումի պարունակությունը պահպանվում է միայն մեկուսացված, ոչ խոշոր՝ 2x3 մ չափի հատվածներում, արդյունահանման նպատակների համար Ամուլսարի երկրորդական միներալացմամբ հանքաերևակումը հետաքրքրություն չի ներկայացնում:

5. Ուրան-թորիում միներալացման խտությունը, ցրված ռադիոակտիվ էլեմենտների համակենտրոնացումը համեմատաբար ոչ մեծ կտրվածքում, նրանց օրինաչափ մեկուսացումը նույն տարածքում, ուրանի երկրորդական միներալացումը մի կողմից, թորիումի երկրորդական միներալացումը՝ մյուս (ինչն, ըստ երևույթին, բացատրվում է մակերեսային լուծույթներում նրանց տարաբնույթ գեոքիմիական դրսևորմամբ), թույլ է տալիս ենթադրել, որ Ամուլսարի հանքաերևակման երկրորդական հանքանյութի ծագումնաբանությունը պայմանավորված է նախնական հանքանյութի (խառը՝ ուրան-թորիում) օքսիդացման գոտու հետ:

6. Ուրան-թորում հանքայնացման գոտում սահմանված բնույթի կազմություն չի նկատվում, անհասկանալի է նաև մեծ ու փոքր տեկտոնական խզումերի կապը նրանց խորքում գտնվող հնարավոր ռադիոակտիվ միներալների խտության հետ:

Ըստ էության, ուրանի ու թորիումի երկրորդական միներալացումը սփռված է այդ գոտու շրջակայքում, առանց հարստացման նշանների:

Այն հանգամանքը, որ հանքաերևակման միներալացման գլխավոր մասը գտնվում է երկու խոշոր հյուսիս-արևմտյան խզումների արանքում, չի կարող հիմք հանդիսանալ այդ գոտու ու հանքայնացման միջև կապի համար, որովհետև միներալացված հատվածներ կան նաև վերոհիշյալ խզումներից դուրս, իսկ խզումների հատվածում հանքայնացում չկա:

Ուստի երկրորդական միներալացման և միջավայրի կազմության կապը կարող է լինել թե՛ պատահական և թե՛ օրինաչափական:

7. Ամուլսարի հանքաերևակման ուսումնասիրության այս փուլում ուրանի սկզբնական հանքանյութի ծագումնաբանությունը բնութագրող անհրաժեշտ փաստեր չեն ստացվել: Հնարավոր է երկու վարկած ՝ մագմատիկ և հիդրոթերմիկ ծագում:

Սկզբնական հանքանյութի մագմատիկ ծագման վարկածի օգտին (ակցեսորային ուրան-թորիումի միներալի ձևով) վկայում են՝ երկրորդական միներալացման ուրան-թորիումային բնույթը և բաղկացուցիչ միավորների հետ կապի բացակայությունը ինչպես մակերեսին, այնպես էլ խորքում:

Շրջակա ապարներից արհեստական սկվածքների ուսումնասիրության բացասական արդյունքները կարելի է բացատրել նրանով, որ փորձանմուշները հանվել են հանքաերևակման օքսիդացման գոտում, որտեղ սկզբնական միներալը գրեթե ամբողջությամբ օքսիդացել ու լուծվել է:

Չի բացառվում նաև հիդրոթերմիկ պրոցեսների հետագա ազդեցությունը մագմատիկ ուրան-թորիում միներալի վրա, ապա ուրանի ու թորիումի նստվածքաշերտի գոյացումը երկրորդական միներալացման տեսքով: Այս պարագայում սկզբնական հանքանյութի որոնումները հիդրոթերմիկ ազդեցությամբ փոփոխված ապարների շրջակայքում չեն կարող հանգեցնել ցանկալի արդյունքների:

Թորիումի ոչ սովորական երկրորդական միներալացումը վկայում է սկզբնական միներալի բացառիկ գեոքիմիական հատկությունների, մասնավորապես, նրա հարաբերական լավ լուծելիության (ինչը բնորոշ չէ թորիումի միներալների համար) և ձևավորման ցածր ջերմաստիճանի մասին: Այս դեպքում հավանական է նաև սկզբնական ուրան-թորիում հանքանյութի հիդրոթերմիկ ծագման վարկածը:

Ամուլսարի հանքաերեևակման ծագումնաբանության խնդիրը միանշանակ կարելի է լուծել ավելի մանրամասն ուսումնասիրությունների դեպքում: Անհրաժեշտ կլինի հետազոտել թե՛ Կենտրոնական հատվածը, և թե՛ եզրագծով տարածվող լավաների և խարամների տակի հատվածը, հաշվի առնելով սկզբնական ուրան-թորիում հանքանյութի կամ մագմատիկ, կամ էլ հիդրոթերմիկ ծագումնաբանության վարկածը:

8. Ամուլսարի հանքաերևակման «Հյուսիսային» ռադոնային անոմալիայի հատվածում տարվող երկրաբանա-երկրաֆիզիկական աշխատանքները ցույց տվեցին, որ տեղանքը ուրանի հանքանյութի արդյունահանման համար պիտանի չէ և հետագա հետազոտությունները անհեռանկարային են:

9. Ամուլսարի հանքաերևակաման հարակից տարածքի հետախուզման արդյունքում ուշագրավ տվյալներ չեն ստացվել:

Հայտնաբերված առանձին ​​անոմալ գոտիների ակտիվությունը կամ կապված է թորիումի հետ կամ էլ ռադիումի՝ հանքային աղբյուրների նստվածքներում:

10. Ֆերգանայի արշավախմբի «1Ա» ջոկատի կողմից իրականացված աերոռադիոմետրիկ զննումների արդյունքում գրանցված անոմալիաների վերերկրյա ստուգումները էական արդյունքներ չեն տվել:

Հարկ է նշել, որ այդ անոմալիաների վերերկրյա ստուգումներ է իրականացվել նաև Ֆերգանայի արշավախմբի «3Ա» ջոկատը, որը նույնպես գրանցել է բացասական արդյունքներ:

Խմբի ավագ երկրաբան / ստորագրություն / Սարուխանյան Է.

 

Թարգմանությունը Անուշ Աճեմյանի: 

Բնօրինակը՝ հղումով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում