ԱԻՆ-ը տվյալներ է հաղորդում Սևանա լճի մակարդակի մասին

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է եղել 3 սմ-ով: Գարնանային վարարումների ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 37 սմ-ով: 2019 թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.83 մ, որը դիտվել է հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում: Հունիսի 25-ից մինչև հուլիսի 21-ը լճի մակարդակն անփոփոխ է եղել և կազմել է 1900.81 մ։

2019 թվականին լճի մակարդակների դրական տարբերությունը նախորդ տարվա նույն օրերի մակարդակների համեմատ դիտվել է հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 27-ը, որից հետո հավասար է եղել նախորդ տարվա նույն օրերի մակարդակներին, իսկ օգոստոսի 29-ին և 30-ին 1 սմ-ով ցածր է եղել նախորդ տարվա նույն օրերի ցուցանիշի համեմատ։

2019 թվականին Սևանա լճից ջրառը սկսվել է հունիսի 8-ից: 2019 թվականի հունիսի 8-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 130.786 մլն.խորանարդ մետր: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածում լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 181.214 մլն.խորանարդ մետր, այսինքն 50.428 մլն.խորանարդ մետրով ավել քան այս տարի։

Արփա-Սևան ջրատարով 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 148.843 մլն խորանարդ մետր, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 131.581 մլն. խորանարդ մետր, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ, այս տարի տեղափոխված ջրի քանակը 17.262 մլն. խորանարդ մետրով ավել է:

2019 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 2 սմ-ով, իսկ ամսվա ընթացքում լճի մակարդակն իջել է 13 սմ-ով, այսինքն՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ 3 սմ-ով ավելի պակաս է եղել։

2019 թվականի օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը Սևանա լճի ավազանում կազմել է +15...+19 աստիճան, որը բարձր է նորմայից +0.8․․․+1.6 աստիճանով։ Ամսական տեղումների քանակը եղել է 19-45 մմ, որը կազմել է նորմայի 30-97 %-ը։ Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը օգոստոսին կազմել է 54.198 մլն․խորանարդ մետր, և ամեն օր լճից իրականացվել է խորանարդ մետրից ավելի ջրառ, բացառությամբ օգոստոսի 30-31-ի։

Արդյունքում, օգոստոսի 8-ից սկսած լճի մակարդակն ամեն 3-րդ օրն իջել է 1 սմ-ով և օգոստոսի 31-ին կազմել է 1900.63 մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է եղել 1 սմ-ով։ Ի տարբերություն այս տարվա՝ 2018 թվականի օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը Սևանա լճի ավազանում կազմել է +14...+17 աստիճան, որը եղել է նորմայի սահմաններում՝ մի փոքր դրական շեղումով (-0,5․․․+0,7)։ Ամսական տեղումների քանակը եղել է 26-75 մմ:

2018 և 2019 թթ. հիդրոօդերևութաբանական երևույթներով և լճից ջրառի ռեժիմով պայմանավորված, այս տարի օգոստոս ամսին Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով ավելի է իջել քան 2018 թվականին, և մինչև օգոստոս ամիսը եղած մակարդակների 2-3 սմ-ով դրական տարբերությունը հավասարվել է 0-ի կամ բացասական արժեք ստացել: Սեպտեմբերի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.62 մ, որը հավասար է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ հունվարի 1-ի համեմատ բարձր է 23 սմ-ով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում