Ամուլսարի գործով վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ․ Քննչական կոմիտեի նախագահ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, Կառավարության հերթական նիստի ընթացքում մինչ օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին տեղեկություններ հաղորդել Ամուլսարի ոսկու հանքավայրի շուրջ ընթացքող քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննության մասին։ 

Հայկ Գրիգորյանը հայցեց ներկաների ներողամտությունը՝ առաջարկելով տրամադրել 5 րոպե ժամանակ, որպեսզի վերջինս մանրամասնորեն ներկայացնի՝ ինչպես փորձագետների, այնպես էլ քննիչների կատարած աշխատանքը։ 

«Համալիր փորձաքննության շրջանակներում միջազգային փորձագիտական խմբի կողմից իրականացվել է ջրային ռեսուրսների ազդեցության գնահատում՝ Սևանա լիճը, Սպանդարյան-Կեչուտ թունելը և ջրամբարը, Արփա, Դարբ և Որոտան, Ջերմուկի աղբյուրները, ստորգետնյա ջրային ավազանները, երկրաբանության վրա ազդեցության գնահատում, կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, օդի որակի վրա ազդեցության գնահատում, համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջ քաշված թվով 15 հարցերի օբյեկտիվ պարզաբանում»,- ներկայացրեց պարոն Գրիգորյանը։ 

Վերջինս նշեց, որ փորձագետների խումբը ՀՀ առաջին այցելությունն իրականացրել են մարտի 26-30-ը։ 

Հայկ Գրիգորյանը շարունակեց․ «Ընդհանուր առմամբ ողջամիտ ժամկետներում Լիդիան Արմենիա ընկերության կողմից վարույթն իրականացնող մարմնի միջոցով փորձագետներին տրամադրվել է նրանց կողմից պահանջված շուրջ 300 անուն փաստաթղթեր և ելակետային տվյալներ, որից միայն փաստաթղթերը կազմել են շուրջ 20 000 թերթ։ Այդ ամենն անհրաժեշտություն է եղել թարգմանելու»։ 

Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը ներկայացվել է հուլիսի 22-ին։ «Այն բաղկացած է եղել 188 թերթից և 2 հավելվածից, ընդհանուր փաստաթղթերի թերթերի քանակը կազմում է 237 թերթ, վերջնական եզրակացությունը հավելված փաստաթղթերով օգոստոսի 6-ի դրությամբ Քննչական կոմիտե համապատասխան ստորաբաժանման կողմից ամբողջությամբ թարգմանված է և խմբագրված է, որի ծավալը կազմում է 341 թերթ։ Վերջնական սրբագրված եզրակացությունը օգոստոսի 7-ին վաղ առավոտյան փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին և դրան համապատասխան թարգմանությունը վերջնական սրբագրվում է»,- հայտնեց նա։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․ «Ամենավերջնական տարբերակը՝ ե՞րբ կարող եք տրամադրել Կառավարությանը, որպեսզի քննարկենք»։ 

«Կարծում եմ՝ առավելագույնը երկուշաբթի կամ երեքշաբթի»,- պատասխանեց նա։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ մյուս շաբաթ գոնե կառավարությունը պետք է նախնական կողմնորոշում ունենա, թե ինչ է անելու։ 

«Կարծում եմ, որ լրացուցիչ հարցեր այլևս չեն առաջանա, քանի որ մինչև վերջնական եզրակացություն տալը պարբերաբար մեզ մոտ այդ հարցերն առաջանում էին և այդ իսկ պատճառով էլ փորձաքննությունը երկարաձգվել է։ Կարծում եմ, որևէ բան չի խանգարում եզրակացությունը հրապարակելու»,- եզրափակեց Հայկ Գրիգորյանը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում