Ուժեղացված ծառայության․ մեկ օրում հայտնաբերվել է շուրջ 19 խմ փայտանյութ և 460 պարկ փայտածուխ (տեսանյութ)

Հուլիսի 9-ին, ժամը 3-ն անց 50-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Դիլիջանի ոլորաններում նկատել է փայտով բարձված 10-ից 15 բեռնատար։

Ահազանգի մասին զեկուցվել է ՀՀ ոստիկանության պետին։ Ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության ստորաբաժանումներին անցնել շուրջօրյա ուժեղացված ծառայության, տեղակայել շարժական պահակետեր և հայտնաբերել ապօրինի ծառահատման դեպքեր։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջոցառումների շնորհիվ հանրապետության տարբեր հատվածներում հուլիսի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 32 բեռնատար, որոնցից 9-ի վարորդները չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր։ Ըստ նախնական տվյալների, նշված մեքենաներում հայտնաբերված ապօրինի փայտանյութը կազմել է ընդհանուր շուրջ 19 խմ, նաև 460 պարկ փայտածուխ։

Ուժեղացված ծառայության ընթացքում 6 մեքենայի վարորդ չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» ազդանշանին։ Դրանցից 3-ը հայտնաբերվել են և վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նրանք տուգանվել են 200,000-ական դրամի չափով։

Բացի այդ, հուլիսի լույս 11-ի գիշերը ՀՀ ազգային ժողովի պատգամավորներից մեկը իր ֆեյսբուքյան էջում փայտանյութով բարձված բեռնատարի լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Արցախից Երևան ավտոճանապարհին փայտով բեռնված մեքենաներ են։
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանները լուսանկարներում պատկերված մեքենան ու վարորդին հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում։
Մեքենայի վարորդը իրավապահներին է ներկայացրել «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած անտառանյութի բացթողման անդորրագիր։

Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Կոչ ենք անում չխախտել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու կանգնում արդարադատության առաջ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում