«Life of Pi»՝ ֆիլմ և իրականություն. դաժան կադրեր հայտնի վարժեցնողի փորձից (տեսանյութ)

«Պիի կյանքը» (Life of Pi). 2012թ.-ին նկարահանված ֆիլմ, որը շատերի սիրելին է և մեծ ճանաչում է ձեռք բերել... բայց իրականում քչերը գիտեն ֆիլմի ստեղծման մասին մանրամասներ և շատերը չեն պատկերացնում, թե ինչ է իրականում կատարվել նկարահանման հրապարակից դուրս: 

Ֆիլմում գլխավոր դերերից մեկը վագրինն է: Այո՛, հենց «դեր», քանի որ կենդանին անցել է բազմաթիվ վարժեցման փուլերով, որոնք եղել են թե՛ ֆիզիկական ցավի պատճառման, թե՛ կենդանուն բարոյական և հոգեբանական ճնշման միջոցով կառավարելու եղանակով, որպեսզի ֆիլմը հաջողվի: Այդպես է լինում բոլոր դեպքերում, երբ կենդանին շահագործվում է որպես զվարճանքի միջոց: 

Մայքլ Հաքենբերգեր (Michael Hackenberger). Կանադայում գտնվող Բաումենուիլ քաղաքի կենդանաբանական այգու սեփականատերը և մարդ, որին նկարահանել են առանձնակի դաժանությամբ կենդանի «վարժեցնելու» պահին:

«PETA» կենդանապաշտպան կազմակերպության ներկայացուցչին հաջողվել է նկարահանել տեսանյութ, որտեղ կենդանին դաժանորեն ծեծվում է Մայքլ Հաքենբերգերի կողմից: «PETA» հայտարարության մեջ ասվում է. «Բաումենուիլի կենդանաբանական այգու սեփականատեր Մայքլ Հաքենբերգերը նկարահանվել է տեսանյութում, որում բացահայտվում է վերջինիս կողմից վարժեցման դաժան մեթոդները: Տեսանյութի մեջ Հաքենբերգերը ճիպոտի կիրառումը անվանում է «զսպող գործոն»՝ ասելով, որ պատիժը միակ ճանապարհն է ստիպել կենդանուն անել ինչ-որ բան: 

Նա շարունակում է պարծենալ իր ուժով և օգտագործում է ճիպոտն իր «անվան առաջին տառերը կենդանու մարմնի վրա փորագրելու համար»»: 

«Դու հարվածում ես նրանց, իսկ կենդանիները սովորաբար քանդվում են ինչպես քարտերից պատրաստված տնակը... Եվ այստեղ է ամբողջ գեղեցկությունը»,- տեսանյութի մեջ ասում է Հաքենբերգերը: 

«PETA»-ն գրում է նաև հետևի պլանում երևացող գայլի մասին, որն անկանոն շարժումներով քայլում է այս ու այն կողմ: Կենդանապաշտպան կազմակերպության պնդմամբ՝ դա վանդակում պահվող կենդանու մոտ ուժեղ սթրեսի ցուցանիշ է: 

Բաումենուիլի կենդանաբանական այգու տնօրենը ավելի ուշ ընդունել է տեղի ունեցածը և հայտարարել. «Դու պետք է գցես կենդանուն գետնին, որպեսզի նա հասկանա, թե ով է «բոսը»: Ըստ էության, սա բոլոր կենդանիների հետ աշխատելու Մայքլի մեթոդն է»: 

Մայքլ Հաքենբերգերը կենդանիներ վարժեցրել է բազմաթիվ հեռուստանախագծերի համար, այդ թվում նաև՝ «Պիի կյանքը» ֆիլմի: 

Տեսանյութը նկարահանվել է 2015թ.-ի դեկտեմբեր ամսին, իսկ 2016թ.-ի հոկտեմբեր ամսին կենդանապաշտպանների երկարատև պայքարից հետո Բաումենուիլի կենդանաբանական այգին ընդմիշտ փակել է իր դռները...

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ կենդանասերներ, կենդանիների իրավունքներով հետաքրքրված քաղաքացիներ, կազմակերպություններ և նախաձեռնություններ մշտապես դեմ են արտահայտվել կենդանիներին որպես զվարճանքի միջոց շահագործելու գործընթացին: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է պնդել նշված տեսակետը՝ կոչ անելով բոլորին հրաժարվել կենդանիներին նման կերպ վերաբերվելու պրակտիկայից: 

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶՕՕ ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից Հայաստան են ներմուծվել 4 վագրեր՝ 3 հատ բենգալյան և 1 հատ ամուրյան: Կենդանիները Հայաստան են բերվել անազատության մեջ բուծելու նպատակով, այն դեպքում, երբ ՀՀ-ում չկան ոլորտը կարգավորող անհրաժեշտ օրենքներ, նորմեր և կարգեր: Թե ինչ ապագա է սպասվում ներմուծված և բուծման արդյունքում ստացված կենդանիներից, ևս անհայտ է մնում, սակայն դրանք կարող են միայն պահվել անազատ պայմաններում, շահագործվել կրկեսների և այլ նմանատիպ երևույթների ընթացքում: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում