Վագրերը պատառոտել են հայտնի իտալացի կրկեսային վարժեցնողի (տեսանյութ)

Հուլիսի 5-ին հայտնի կրկեսային վարժեցնող իտալացի Էտորե Ուեբերը պարապմունքի ընթացքում պատառոտվել և սպանվել է չորս վագրերի կողմից: Դեպքը տեղի է ունեցել «Օրֆեյ կրկեսի» (Circo Orfei) շոուից ընդամենը մեկ ժամ առաջ, երբ վարժեցնողը վագրերի հետ ելույթի վերջին փորձն էր անում: «Peta» միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունը գրում է. «Կրկեսային վարժեցնողները շահագործում են կենդանիներին մինչև այն աստիճան, երբ կենդանիներն այնքան վախեցած են, որ կատարում են ծիծաղելի, նվաստացուցիչ և երբեմն ցավոտ հնարքներ: Հենց պարապմունքի ընթացքում այս չորս վագրերը կոտրվեցին»: 

61-ամյա Ուեբերի վրա վարժեցման ընթացքում առաջինը հարձակվել է մեկ վագր, ինչից հետո՝ նաև մյուս երեքը: «Daily Mail»-ը հայտնում է, որ բժիշկները շուրջ 30 րոպե սարսափով հետևել են, թե ինչպես են կենդանիները պատառոտել վարժեցնողի մարմինը: Ուեբերը հանդիսանում էր բավական չանաճում ունեցող և Իտալիայի լավագույն վարժեցնողներից մեկը: 

«Peta»-ն գրում է. «Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է Ուեբերը մեկ ձեռքում պահել երկար փայտ, իսկ մյուսում՝ ճիպոտ. որպեսզի ստիպի կենդանիներին ելույթ ունենալ բազմիցս քաշում է նրանց փայտով և հարվածում ճիպոտով»: 

Եվ այս ամենը՝ անազատության մեջ բուծված լինելու դեպքում: «Peta»-ն մանրամասնում է՝ վագրերը, որոնք օգտագործվում են կրկեսներում, ծնված են թշվառության մեջ, այն դեպքում, երբ նրանք պետք է ազատ ապրեն բնության մեջ: Հաճախ նրանց բաժանում են մայրերից բնական բաժանումից շատ ավելի վաղ ժամանակահատվածում՝ սթրեսի ենթարկելով թե՛ ձագին, թե՛ մորը: Շատ կենդանիներ ստիպված են լինում ապրել նեղ վանդակներում, նրանք հնարավորություն չեն ունենում վազել, շարժվել, սոցիալիզացվել, որս անել կամ խաղալ: Հաճախ նրանք ստիպված են լինում ուտել, խմել, քնել, բնական կարիքները հոգալ նույն տեղում: 

«Երբեմն այս կենդանիները դուրս են գալիս իրենց վանդակներից միայն ելույթների ժամանակ, երբ ենթարկվում են ծեծի ու լսում են ամբոխի աղաղակներն ու ծափահարությունները: 

Այնպես որ, մենք չպետք է զարմանանք նման դեպքերի հանդիպելիս: Վագրերը մեծ, վտանգավոր գիշատիչներ են, որոնք ունեն սուր ատամներ և ճանկեր, որոնցով պաշտպանում են իրենց: Զարմանալի չէ, որ նրան, ում զրկում են սննդից, ծեծում և տանջում են, կարող է նաև կոտրվել»,- եզրափակել է «Peta»-ն: 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶՕՕ ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից Հայաստան են ներմուծվել 4 վագրեր՝ 3 հատ բենգալյան և 1 հատ ամուրյան: Կենդանիները Հայաստան են բերվել անազատության մեջ բուծելու նպատակով, այն դեպքում, երբ ՀՀ-ում չկան ոլորտը կարգավորող անհրաժեշտ օրենքներ, նորմեր և կարգեր: Թե ինչ ապագա է սպասվում ներմուծված և բուծման արդյունքում ստացված կենդանիներից, ևս անհայտ է մնում, սակայն դրանք կարող են միայն պահվել անազատ պայմաններում, շահագործվել կրկեսների և այլ նմանատիպ երևույթների ընթացքում: 

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում