Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արտյոմ Վարդանյանի

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ դատարան դիմելու մտադրության մասին Էրիկ Գրիգորյանը հայտնել է մայիս ամսին՝ Արտյոմ Վարդանյանի հայտարարությունից հետո: «Սույն հայտարարությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։ Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով»,- գրել է նախարարը: 

Արտյոմ Վարդանյանը փորձել է ներողություն խնդրել նախարարից, ինչը հավանաբար չի ստացվել, քանի որ Էրիկ Գրիգորյանն ամեն դեպքում հայցադիմում է ներկայացրել վերջինիս դեմ:

Դատարանը Էրիկ Գրիգորյանի հայցադիմումն ընդունել է վարույթ: Գործով դատավոր է նշանակվել Գոռ Թորոսյանը, Էրիկ Գրիգորյանի ներկայացուցիչն է Արամ Վարդևանյանը: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում