«Սիրո գերիները»՝ վաճառքի առարկա․ Արմավիրի «այգու» տնօրենը բուծում և վաճառում է կենդանիների (ֆոտո)

Առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ: Հատկապես, խոսքը գնում է կենդանի կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի գործարքների մասին: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից:

Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող բազմաթիվ հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում փաստեր այդպիսի դեպքերի մասին:

Ցոլակ անունով գրանցված օգտատերն առցանց վաճառքի կայքում վաճառում է Եվրոպական եղնիկի (DAMA DAMA) ձագ, իր բառերով՝ «ճուտ»: Վաճառքի մասին հրապարակումն արվել է 01.10.2018թ.-ին, տեղանքը՝ Արմավիր, իսկ գինը՝ 1000 ԱՄՆ դոլար: «Aroxj shat gexecik 7 amsekan»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով զրույցից հետո պարզ է դառնում, որ եղնիկի ձագ վաճառող անձն Արմավիրի մասնավոր «կենդանաբանական այգու» տնօրեն նույն ինքն Արմեն Թադևոսյանն է: Այդ այգու գործունեությանը և կենդանիների պահման անմխիթար պայմաններին անդրադարձել ենք ««Սիրո գերիները»՝ Արմավիրի փշալարապատ «կենդանաբանական այգում»» հոդվածում:

«Մի տարեկան ա արդեն համարյա, չափերով, բայց իրա մոր չափ ա արդեն: Էս տարի աշունն ինքը սեռահասուն կլինի, եթե էգ ունենա, ինքը կծածկի արդեն, որձ ա: Գինը էտ ա, իրան 1500-1600-ով են ծախում, ես հազարով եմ տալիս: Արմավիրում եմ՝ Հոկտեմբերյան: Չէ-չէ ոչ մի խնդիր չունի, լրիվ նորմալ, գերազանց վիճակում ա: Կարող ա լինի էլի, մայրը էլի ձագ պտի բերի մի քանի օրից: Էտ ժամանակ (խմբ.՝ լուսանկարում) նոր ա ծնվել, կոտոշները հլը մի քանի սանտիմետր ա»,- հավանական հաճախորդի հետ զրույցում ասաց Արմեն Թադևոսյանը:

Արմեն Թադևոսյանը նման պայմաններում պահվող կենդանիներին բուծելու նկատմամբ «հատուկ սեր» ունի: 2018թ.-ի սեպտեմբեր ամսին մի խումբ մասնագետների և ԲԸՏՄ տեսուչների հետ նշված տարածք այցելության ընթացքում պարզ դարձավ, որ այգում պահվող 23-ամյա էգ արջը վերջերս երկու քոթոթ է ծնել, ինչն ըստ ներկա մասնագետների՝ անթույլատրելի է, քանի որ նախ կենդանին համարվում է ծեր, և երկրորդ՝ արջերին պահելու պայմանները բավարար և նպաստավոր չեն վերարտադրություն իրականացնելու համար: Բացի այդ, կենդանիների և գործընթացի նկատմամբ սահմանված չէ պատշաճ պետական վերահսկողություն: Արմեն Թադևոսյանը նշեց, որ արջերը նաև «հատուկ ծնարան» ունեն, ինչը դեռ այն ժամանակ վկայում էր բազմակի բուծման հավանականության մասին: Մասնագետներն ընդգծեցին, որ այս պայմաններում բազմացումը կտրականապես անընդունելի է:

Այժմ, պարզ է դառնում, որ Արմեն Թադևոսյանը բուծում և վաճառում է մասնավոր «կենդանաբանական այգում» պահվող կենդանիներին՝ ստանալով եկամուտ, այն էլ՝ յուրաքանչյուր տարի: Ցավոք, գործող օրենսդրությունն այս պահին չի կարգավորում կենդանիների առք ու վաճառքի, դրանց բուծման, արգասիքների վաճառքի գործընթացը, ինչի հետևանքով էլ ստեղծվել է նման իրավիճակ, որտեղ բացարձակապես բացակայում է պետական մակարդակով վերահսկողությունը և կենդանիները թողնվել են մեկ անձի «խղճին»:

Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե արդյո՞ք վերջինս վաճառում է իր մոտ գտնվող արջերին, ինչին ի պատասխան Արմեն Թադևոսյանն ասել է. «Ա՞րջ, էսօր արջերի համար սաղ կռիվ են անում, արջը քո ինչի՞ն ա պետք պահես: Եթե արջի համար մեծ վանդակ կսարքես, ինչի՞ չէ, տամ ժամանակավոր պահի, կակռազ ես մեծ վանդակ եմ սարքում: Անվճար տամ... ինձ հիմա մի քանի հոգի առաջարկում են, ես տեղ չունեմ պահելու, թազա վանդակներ ենք նոր մեծ սարքում, որ տեղավորենք»:

Փաստացի, Արմեն Թադևոսյանը նախատեսում է կառուցել նոր վանդակներ այնտեղ արջեր պահելու նպատակով։ Նշենք, որ նախորդ տարի նշված մասնավոր տարածքում պահվում էր երկու հասուն և երկու ձագ արջ։ 

Արմավիրի մասնավոր «կենդանաբանական այգի», տնօրեն Արմեն Թադևոսյան, 2018թ․

Չնայած նրան, որ Արմեն Թադևոսյանը մասնավոր կենդանաբանական այգում բուծում և վաճառում է կենդանիներ, վերջինս այնուամենայնիվ նաև հետաքրքրվում է կենդանու պահման պայմաններով․ «Տարածքը մեծ պետք ա լինի, նորմալ լինի, փոքր տեղ չտանեք, քցեք: Դե ինչքան ազատ լինի, էնքան լավ: Սաղ էլ վանդակի մեջ են, իմն է ա վանդակի մեջ»,- ասաց նա և պատասխանելով հաճախորդի հարցին, թե փոքր տարածքի դեպքում կենդանուն ինչ կլինի՞, Թադևոսյանը շարունակեց,- «Ոչ մի բան էլ չի լինի: Ուղղակի լավ կլիներ, որ մեծ տարածքի մեջ չէ լիներ՞, ավելի գեղեցիկ կերևար, ավելի հարմար կլիներ, թե չէ փոքր վանդակի մեջ էլ իրանք ապրում են, ինչ կա ըտեղ»։

Ինչպես նշեցինք, ցավոք, կենդանիներին բուծելու և վաճառելու գործընթացն այսօր չի կանոնակարգվում ՀՀ գործող օրենքներով, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հույս է հայտնում, որ մշակման կամ վերամշակման փուլում գտնվող օրենքների, դրանցում նախատեսված փոփոխությունների նախագծերը հնարավորինս շուտ կհասնեն վերջնակետին և այլ գործընթացները կդառնան առավելագույնս վերահսկելի և կառավարելի։

Արմավիրի մասնավոր «կենդանաբանական այգի», ծնարան, 2018թ․

Ամեն դեպքում, այս պահին Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգու գործունեությունը ևս ապօրինի է, քանի որ վերջինս չունի Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքով նախատեսվող անազատ կամ կիսաազատ պայմաններում կենդանի պահելու համար անհրաժեշտ թույլտվությունները։

Հոդված 21. Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների և առանձին նմուշների ներմուծումը, արտահանումը ու կենդանիների վերաբնակեցումը

․․․Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին և քանակներին համապատասխան:

Առաջնորդվելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման սկզբունքով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը չի հրապարակում օգտատերի տվյալներն ամբողջությամբ (հեռախոսահամար):

Հիշեցնենք, որ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնևի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առևտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին: Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարևան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը ևս դասվել է առաջին կարգի երկրների շարքին: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում