Անմեղ «մեղավորները». Բնապահպանության նախարարությունը երբևէ չի իրականացրել պետական հաշվառում

Բնապահպանության նախարարության կողմից երբևէ չի իրականացվել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում, չնայած դեռ 2000թ.-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի հոդված 27.1-ի 5-րդ կետը սահմանում է դրա անհրաժեշտությունը. « ...5. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրելու միջոցով»: 

Պետական հաշվառում չիրականացնելու հետևանքով այսօր անհայտ են մասնավոր տարածքներում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների մասին տարրական տվյալները: Նշված տեղեկատվությունը որոշ չափով հասանելի է միայն ԶԼՄ-ների, հասարակական հատվածի և մասնավոր կառույցների կողմից հրապարակվող նյութերի միոջոցով, որը մասնակի և թերի է արտացոլում հանրապետությունում տիրող իրավիճակը: Նշված ամբողջական տեղեկատվությանը չի տիրապետում և ոչ մի պետական գերատեսչություն: Ստեղծված իրավիճակում ոչ միայն հնարավոր չէ վերահսկել կենդանիների բարեկեցության ապահովումը, այլև վտանգված է առհասարակ կենդանու գոյությունը: Նման անվերահսկելի վիճակը բազմաթիվ ռիսկեր է առաջացնում նաև մարդկային հասարակության համար: 

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը պարբերաբար հրապարակում է մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող կենդանիների մասին տեղեկություններ, որոնք ևս կրում են մասնակի բնույթ:

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում իրականացնելու մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան Բնապահպանության նախարարությունը հայտնել է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կողմից միայն Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում է իրականացվում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27.1. հոդվածի 5-րդ մասով նախատեսված անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառում չի իրականացվել։ Այն իրականացվում է վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում։ Բնապահպանության նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել»: 

Ելնելով ԲՆ կողմից ստացված գրավոր պատասխանից՝ ՀՀ բոլոր մասնավոր տարածքներում վայրի կենդանիներն անազատ պայմաններում ապօրինի են պահվում, քանի որ նախարարությունն անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու դիմումներ չի ստացել: 

Բնապահպանության նախարարությունը մեկ այլ գրությամբ հայտնել է նաև. «Ներկայում քննարկման փուլում է գտնվում ««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ փոփոխություն է նախատեսվում նաև 27.1. հոդվածում, համաձայն որի՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումն իրականացվելու է դրանց պահելու թույլտվություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից և հաշվառման տվյալները տրամադրվելու են լիազորված մարմնին»: 

Փաստացի, մասնավոր տարածքներում անազատ կամ կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների դեպքում, բացարձակապես անհայտ է, թե ինչ կենդանատեսակներ են պահվում, ինչ քանակով, ինչ նպատակով, ինչպիսին են նրանց պահման պայմանները, ինչ ապագա է սպասվում կենդանիներին. Ի վերջո, եթե նրանց գոյության մասին պատասխանատու մարմինը տեղեկացված չէ, սահմանված չէ պատշաճ վերահսկողություն, ապա կենդանիների «անհետացումը» ևս ոչ ոք չի նկատի: Ի դեպ, նշված տարածքներում հաճախ կարելի է հանդիպել հազվագյուտ և սակավաթիվ տեսակ հանդիսացող առանձյակների:

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակաբար կանդրադառնա ՀՀ-ում անազատ և կիսաազատ պայմաններում կենդանիների պահման խնդիրներին՝ հրավիրելով պետական պատասխանատու մարմինների ուշադրությունը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում