ԲԸՏՄ պարզաբանում է «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ իրականացված գործողությունները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ  ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վարույթի վերաբերյալ: Ներկայացնենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հաշվի առնելով հանրության և մամուլի լայն հետաքրքրվածությունը և քաղաքացիների կողմից պարբերաբար ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին) հասցեագրվող բողոքները՝ հարկ ենք համարում ներկայացնել «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթի մանրամասները, ինչպես նաև մեկնաբանել ներկայիս իրավական դրությունը: Քանի որ գործող օրենսդրությունը խիստ ժամկետային և գործառնական սահմանափակումներ է նախատեսում վարչական վարույթ իրականացնող մարմնի համար, վարչարարական օրինականությունն ապահովելու նպատակով Տեսչական մարմինը ստիպված էր ամիսներ շարունակ հետևողականորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված բոլոր ֆորմալ պահանջները՝ բավարարելով կամ մերժելով ընկերության ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները վարույթները հետաձգելու, կասեցնելու կամ կարճելու վերաբերյալ: Գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու համար ներկայացնում ենք սույն պարզաբանումը: Դեռևս 2018թ. մայիսի 30-ին Տեսչական մարմնին կողմից «Արմօյլ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ալֆրեդ Աբեդիի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հասցե՝ ք․ Եղվարդ, Երևանյան խճուղի 129/3), 07-004-0586-0026 կադաստրային ծածկագրի տակ գտվող 0,6326 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի վրա՝ ինքնակամ շինություն կառուցելու համար։ Նույն թվականի հունիսի 14-ին Ընկերության կողմից բնապահպանության նախարարության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության է ներկայացվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի թիվ 129 հասցեում յուղի և բիտումի արտադրամասերի տեխնիկական փաստաթղթերը, որոնք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասին չհամապատասխանելու հիմնավորմամբ ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը վերադարձվել էր լրակազմման։ Շուրջ մեկ ամիս անց՝ հուլիսի 10-ին, Տեսչական մարմինը քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքների հիման վրա կայացրել է վարչական վարույթ հարուցելու և զննում նշանակելու մասին որոշումներ: Իրկանացված գործողությունների արդյունքում հուլիսի 16-ին Տեսչական մարմինը կայացրել է «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» թիվ ԳՁՈ/001-Ա որոշումը, որի համաձայն 2018 թվականի հուլիսի 19-ից ընկերությունը պետք է դադարեցներ գործարանի շինարարությունը մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական եզրակացության ստացումը։ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված գրության համաձայն, 2018թ. հուլիսի 18-ին Ընկերությունը կրկին ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն է ներկայացրել գործարանի կառուցման նախագծային փաստաթղթերը, որոնք կրկին վերադարձվել են լրամշակման՝ նույն՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Այնուհանդերձ, 2018թ. հուլիսի 23-ին, Ընկերությունը բողոքարկել է Տեսչական մարմնի ընդունած որոշումը պատճառաբանելով, որ իր կողմից իրականացվող գործունեությունը հանդիսանում է «նավթամթերքի վերամշակում» և ոչ թե «նավթավերամշակում», ուստի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն չի հանդիսանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա գործունեության տեսակ: Այսպիսով, մինչև հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Ընկերության նկատմամբ իրականացված վարույթներից հետևում է, որ Տեսչական մարմնի կողմից 2018թ. մայիսի 30-ին իր ընդունված որոշումը Ընկերության տնօրենը չի բողոքարկել: Ավելին, հունիս 14-ին գործարանի նախագծային փաստաթղթերը ներկայացրել է ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն՝ փորձաքննություն իրականացնելու համար՝ զուգահեռաբար կազմակերպելով նաև հանրային քննարկումներ, որոնք իրականացվում են միայն ՇՄԱԳ փորձաքննության ենթակա նախագծերի պարագայում: Այս գործընթացներին զուգահեռ, Ընկերությունը ինքնուրույն որոշել է, որ իր գործունեությունը ենթակա չէ ՇՄԱԳ փորձաքննության և այս հիմքով բողոքարկել է Տեսչական մարմնի ընդունած որոշումը: Ընկերության բողոքի հիման վրա Տեսչական մարինը հարուցել է վարչական բողոքարկման վարույթ: Վարույթի այս տեսակը տարբերվում է վարչական իրավախախտման վարույթից, որի շրջանակներում Տեսչական մարմինը, վերևում նշված փաստերի հիման վրա, եկել էր եզրահանգման, որ գործարանի կառուցումը չի կարող իրականացվել առանց ՇՄԱԳ դրական փորձաքննական եզրակացության: Ընկերության բողոքի հիման վրա հարուցված՝ վարչական բողոքարկման վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը 2018թ. հուլիսի 26-ի դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա.Մինասյանին և ՀՀ բնապահպանության նախարար Է.Գրիգորյանին` Ընկերության գործունեության տեսակը և դրա՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինելու հարցը պարզաբանելու նպատակով: Նշված հարցումների պատասխանները Տեսչական մարմինի համար պետք է հիմք հանդիսանային բողոքարկման վարույթի շրջանակներում որոշում ընդունելու համար, քանի որ գործունեության տեսակը վերջնականապես հստակեցնելու լիազոր մարմիններ են հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը (ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինել-չլինելու հարցով) և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (տնտեսական գործունեության տեսակի դասիչի՝ ՏԳՏԴ-ի որոշման հարցով): Ի պատասխան, պարոն Գրիգորյանը հայտնել է, որ գործունեության՝ ՇՄԱԳ փորձաքննության ենթակա լինելու հարցը կարող է որոշվել միայն այն բանից հետո, երբ Ընկերությունը կներկայացնի լրակազմ փաթեթը, իսկ պարոն Մինասյանն այդպես էլ չի արձագանքել Տեսչական մարմին հարցմանը: Վարչական բողոքարկման վարույթի շրջանակներում լիազոր մարմիներից ստացված և չստացված տվյալների հիման վրա, 2018թ. օգոստոսի 23-ին, Տեսչական մարմինը ստիպված էր որոշում է կայացրել բեկանելու Ընկերությանը որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին՝ իր ընդունած որոշումը: Ի վերջո՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, ի պատասխան Տեսչական մարմնի հարցման, ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանել է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն ընկերության կողմից նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության։ Նույն թվականի հոկտեմբերի 15-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ա.Մինասյանի պաշտոնանկությունից հետո, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ավագ Ավանեսյանի կողմից ստացվել է պատասխան գրություն առ այն, որ Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չէ գործունեության տեսակի միանշաակ դասակարգման համար: ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացված վերջին գրության հիման վրա Տեսչական մարմինը պարտավոր էր կրկին հարուցել վարչական իրավախախտման վարույթ, որի արդյունքներով 2018թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» որոշում: Նախքան որոշում ընդունելը Ընկերության տնօրենը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել գործի քննության օրը հետաձգելու վերաբերյալ հիմնավորելով, որ գործի քննության համար խիստ կարևոր տեղեկություններ ունի տրամադրելու, սակայն Ընկերության ներկայացուցիչները այդպես էլ չմասնակցեցին գործի քննությանը: Նկարագրված գործընթացին զուգահեռ, ընդունված որոշումը բեկանելու օրվանից՝ օգոստոսի 23-ից մինչև նոր որոշում ընդունելու օրը՝ դեկտեմբերի 17-ը, քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքների հիման վրա Տեսչական մարմինը որոշում է ընդունել Ընկերությունում ստուգում իրականացնելու մասին, և հուլիսի 24-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում երեք անգամ փորձել է ստուգում իրականացնել, որոնց Ընկերոթյունը արհեստական պատճառաբանություններով խոչընդոտել է: Ընկերության փաստարկները հանգում էին նրան, թե Տեսչական մարմինը իրավասու չէ ստուգումներ իրականացնել, քանի որ տեսուչների վկայականները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից, ու քանի դեռ նրանք չեն ստացել նոր վկայականներ՝ հիմնված իրենց պաշտոնի նոր անձնագրերի վրա, իրենք իրավասու չեն տեսչական գործունեություն իրականացնել: Ընկերությանը չբավարարեցին Տեսչական մարմին հակափաստարկները, որ ՀՀ վարչապետի թիվ 733-Լ որոշման համաձայն ներկայումս կառավարության ենթակա մարմին հանդիսացող Տեսչական մարինը հանդիսանում է նախորդ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումը հանդիսացող բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի իրավահաջորդը և տեսուչներն այդ փաստի ուժով իրավասու են իրականացնել իրենց բնականոն գործունեությունը: Ավելին, Ընկերության տնօրենն անգամ իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել առ այն, թե տեսչական մարմնի ղեկավարը չարաշահում է իր լիազորությունները և պահանջել է դրա հիման վրա քրեական գործ հարուցել: Արդյունքում, Տեսչական մարմինը որոշում է ընդունել Ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդիի նկատմամբ վարչական տուգանք նշանակելու մասին: Հաշվի առնելով, որ քաղաքացիներից ստացվող բողոքները չեն դադարում, Տեսչական մարմինը նախատեսում է նաև առաջիկայում Ընկերությունում կրկին ստուգում նախաձեռնել: Հարկ է նշել նաև, որ Տեսչական մարմին ղեկավարը ՀՀ վարչապետին ուղղված նամակով խնդրել է քնարկման առարկա դարձնել Ընկերությանը տրված հարկային արտոնությունների վերանայման հարցը՝ հաշվի առնելով ստուգման իրականացման հարցում Ընկերության ոչ իրավաչափ գործողությունները: ՀՀ տնտեսական զարգաման և ներդրումների նախարարը, ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի, քննության առարկա է դարձրել ընկերության նկատմամբ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N1513-Ա որոշմամբ տրված արտոնությունների վերանայման հարցը: Արդյունքում, ընկերությանն առաջարկվել է սեղմ ժամկետում ՇՄԱԳ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացնել Բնապահպանութան նախարարություն՝ օրենքով սահմանված եզրակացություն տալու նպատակով: Այսպիսով, բոլոր առնչակից պետական մարմինների վերջնական դիրքորոշումը հանգեց նրան, ինչի մասին Տեսչական մարմինն ընդունել էր որոշում դեռևս հուլիսի 16-ին՝ նշված գործունեությունը կարող է իրականացվել միայն ՇՄԱԳ փորձաքննության դրական ելքի պարագայում: «Արմօյլ» ՓԲ ընկերության նկատմամբ իրականացված վարույթների շրջանակներում իրականացված գործողությունների և ընդունված որոշումների վերաբերյալ առավել մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու համար կից ներկայացնում ենք համառոտ տեղեկանք: Տեսչական մարմինը իր գործունեությունն իրականացնում է օրենսդրության տառին համապատասխան՝ չխորշելով վերանայել կամ բեկանել իր ընդունած այնպիսի որոշումները, որոնք կարող են միանշանակ չընկալվել: Մենք համբերատար և հետևողականորեն իրականացնում ենք բոլոր վարույթները՝ բավարարելով ներկայացվող միջնորդությունները, հարմարվելով տնտեսվարող սուբյեկտների գրաֆիկին. սա կարևոր պայման է օրինականության պահպանման հարցում: Միևնույն ժամանակ, իր կողմից ստուգման ենթակա բոլոր սուբյեկտներին հետևողականորեն հորդորում ենք չփորձել չարաշահել օրենսդրությամբ իրենց վերապահված իրավունքները, քանի որ նույնանման իրավունքներ ունեն նաև այն մարդիկ, որոնց՝ առողջ և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը կարող է խաթարվել այս կամ այն տնտեսվարողի գործունեության արդյունքում, և Տեսչական մարմինը պարտավոր նրանց իրավունքները նույնպես պաշտպանել»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում