Սևանա լիճը բացասական հաշվեկշռով է եզրափակում տարին

2018թ.-ի դեկտեմբերի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.4 մ, իսկ 2017թ.-ի դեկտեմբերի 25-ի դրությամբ` 1900.42 մ: Ցուցանիշները վկայում են, որ այս տարի ևս Սևանա լիճն ունի բացասական հաշվեկշիռ: 

Հիշեցնենք, որ բացասական հաշվեկշիռն ԱԻՆ կողմից կանխատեսվում էր դեռ սեպտեմբեր ամսին: Սեպտեմբեր ամսին ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ կանխատեսումների, եթե 25 մլն խմ-ից ավել ջրառ իրականացվեր Սևանա լճի մակարդակը բացասական կփակվեր, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ին բացասական կլիներ: Որպեսզի տեսնենք հաշվեկշիռը դրական է, թե բացասական, իհարկե, դա հայտնի կլինի տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, մեր ամենօրյա հրապարակումներում կտեսնեք: Այդ ժամանակ կլինի հստակ տեղեկատվություն, թե որ մակարդակի վրա է գտնվում և կարելի կլինի համեմատել նախորդ տարվա հետ»:

Նշենք, որ նոյեմբեր ամսին Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց. «Կարող եմ երաշխավորել, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հավելյալ ջրառ չլինի: Հավելյալ ջրառը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ այն ջրամբարները, որոնք պետք է լրացուցիչ գումարվեին և՛ ջրառին, և՛ ստորգետնյա ավազանների ջրերին, և՛ գետից ջրերին ըստ մեր հաշվարկների, այդ ջրամբարների տակ գտնվող ՀԷԿ-երը զգալի չափով էլեկտրաէներգիա են արտադրել այն սեզոններին, երբ չպետք է արտադրեին: Ավելի պարզ ասած ՀԷԿ-երը ջուր են վերցրել ջրամբարներից, օրինակ՝ ձմեռվա ամիսներին, այդ պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել, դրա հետևանքով նաև առաջացել է պահանջ լրացուցիչ ջրառի»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում