«Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում». 2019թ.-ը՝ կովկասյան ընձառյուծի տարի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Նիստի ավարտին Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին զեկույցով:

Նա նշել է, որ 2018 թ. գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի լուսանկարչական թակարդները, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել են կովկասյան ընձառյուծ. Հայաստանում հաշվառված է 7-9 կովկասյան ընձառյուծ: 2019 թ. կովկասյան ընձառյուծի տարի հռչակելը նաև հնարավորություն կընձեռի զարգացնել և հզորացնել հատուկ պահպանվող տարածքները թե՛ բնության պահպանության, թե՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։

2019 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ թողարկել Կովկասյան ընձառյուծի թեմայով նամականիշ, կազմակերպել Կովկասյան ընձառյուծի միջազգային վեհաժողով, կազմակերպել ցուցահանդեսներ և այլն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուրցաձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել էր հազվագյուտ կովկասյան ընձառյուծի: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում կովկասյան ընձառյուծի (պարսկական/առաջավորասիական ընձառյուծ/Panthera pardus ciscaucasica) պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը հաշվվում է 10-15 առանձնյակ (2012թ.): Կենդանին գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Հազվագյուտ կովկասյան ընձառյուծը ֆոտոթակարդների միջոցով ֆիքսվել էր նաև այս ամռանը WWF-հայաստանյան մասնաճյուղի կողմից:  

Այսօր Էրիկ Գրիգորյանն իր խոսքում ասել է. «Տեղադրված լուսանկարչական թակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Ընձառյուծի նկարահանումը ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետև պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքների պահպանության համակարգը»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում