«Լիդիան Արմենիա» ընկերությունը մի քանի դատական հայց է ներկայացրել

Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությունը վերջերս մի քանի դատական հայց է ներկայացրել: Առաջին հերթին ընկերությունը դիմել է վարչական դատարան ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ վիճարկելով վերջինիս կայացրած երկու որոշումները: 

Հիշեցնենք, որ օգոստոս ամսին ԲԸՏՄ ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը:

Ընկերությունը վերջին ամիսների ընթացքում վարչական դատարան է դիմել նաև դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակ պահող մի շարք քաղաքացիների դեմ: Ընկերությունը պահանջում է նաև պատասխանատվության ենթարկել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, ինչպես նաև նույն նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանին: Լևոն Գալստյանի գործով դատը հետաձգվել է: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Օֆշորային հանքահեններն ինձ դատի են տվել՝ իբր թե ես զրպարտել եմ իրենց։ Դատարանից պահանջում են պարտավորեցնելու ինձ հերքել, վճարել իրենց դատական ծախսերն և հօգուտ Լիդիան Արմենիայի բռնագանձել 1 000 000 դրամ որպես փոխհատուցում»: 

Հայցադիմումում նշված է, որ Լևոն Գալստյանը «ներկայացրել է ընկերության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, ընկերության գործարար համբավն արատավորող մի շարք փաստացի տվյալներ»:

Անի Խաչատրյանը գրում է. «Թե բա արգելվել է Լիդիան Արմենիայի գործարար համբավն արատավորող և իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալներ տարածելը: Լու՞րջ, իսկ կարո՞ղ ա մանրամասնեիք, թե կոնկրետ ո՞ր տվյալներն են ձեր նշածի մեջ մտնում, թե՞ էդ օֆշորային ընկերությունն էնքան անբասիր ա, որ իրա մասին ամեն ինչ էդ թեմայի տակ կարա գնա՞: Խառն եք ոնց-որ ձեր դատարաններում, ձեր դատավորներով»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում