Տեսախցիկները կովկասյան ընձառյուծ են ֆիքսել (տեսանյութ)

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեսախցիկներից մեկը ֆիքսել է հազվագյուտ կովկասյան ընձառյուծի: 

ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում կովկասյան ընձառյուծի (պարսկական/առաջավորասիական ընձառյուծ/Panthera pardus ciscaucasica) պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը հաշվվում է 10-15 առանձնյակ (2012թ.): Կենդանին գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում, ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: 

World Land Trust (WLT) գլխավոր տնօրեն Ջոն Բարթնն ասում է. «Քանի որ այս ենթատեսակն այդքան հազվագյուտ է, յուրաքանչյուր ապրելավայր, ինչպիսին է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որը պահպանվում է մեր գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից, աներևակայելի արժեքավոր է: Վերջին կադրերը, որոնք ֆիքսել են ընձառյուծի տեղաշարժերը, որը նախկինում տեսանելի չէր այդ տարածքում, ընդգծում է այս տարածքի կարևորությունը»:

Ընձառյուծի այս ենթատեսակը միակն է, որը գրանցված է IUCN կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ (Threatened Species), ինչը նշանակում է, որ աշխարհում դեռ գոյություն ունի 1300 հասուն առանձնյակ: WLT նշում է, որ կենդանու վտանգման հիմնական գործոնը որսագողությունն է անմիջապես կենդանու և դրա որսի՝ բեզորյան այծի, մուլֆլոնի նկատմամբ: 

Նշենք, որ տեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիկ» ազգային պարկում և «Զանգեզուր» արգելավայրում: Որպես պահպանման միջոցառում նշվում է արեալի մասնատման գործոնը նվազեցնելու նպատակով քայլերի իրականացումը: Մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել կերային հարուստ բազա ունեցող բիոտոպերի միավորումը խոշոր և մանր պահպանվող տարածքների ցանցում: Անհրաժեշտ է ուժեղացնել որսագողության, լեռնագործության, ճանապարհաշինության, արածեցման և այլ մարդածին գործունեության հսկողության և կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանեցին երիտասարդ արու կովկասյան ընձառյուծ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում