Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա իր պատմության մեջ ամենախոշոր դրամաշնորհը

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի 23,208,483.13 եվրո գումարի չափով համապատասխան դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

8 տարի տևողություն ունեցող ծրագրի իրականացման արդյունքում կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախատեսվում է իրականացնել՝ պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես կարծում եմ, որ պատեհ առիթ է այս հարցի քննարկումը արձանագրելու համար, որ մեր կառավարության նպատակաուղղվածությունը և ռազմավարական մոտեցումը Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելն է: Մենք առաջնորդվում ենք էկո Հայաստանի տրամաբանությամբ և դա նշանակում է, որ բնապահպանական հարցերում մենք լինելու ենք առավել նախանձախնդիր»:

«Գործընթացը բավական երկար է տևել: Ջանքերը կապված են նրա հետ, որ դա նաև նախորդ տարիներից եկող գումար է և եթե մինչև այս տարվա վերջ մենք չստորագրենք, աշխատանք չենք անում, ապա կորցնում ենք այդ գումարը: Ոչ միայն մենք, այլ նաև ֆինանսների նախարարությունը և արտաքին գործերի նախարարությունը բավական աշխատել են, որպեսզի այդ գումարը ստանան: Գումարը կօգտագործվի անտառների, կենսաբազմազանության, սոցիալ տնտեսական տարբեր ծրագրերի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: 

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ ապագայում նման միջոցներ ներգրավելու ամենակարևոր պայմանն վերոնշյալ ծրագրի արդյունավետ և թափանցիկ իրականացումն է: «Սա կարևորագույն խնդիր է և այս համատեքստում, կարծում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, մարզպետարանները, համայնքների ղեկավարները շատ լուրջ անելիք ունեն: Փաստացի ստացվում է, որ այս գումարի 10 մլն եվրոն ծախսվելու է այդ ուղղությամբ: Նրանք պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնեն և ծրագրերի ընտրությունն էլ պետք է լինի առաջին հերթին ընդհանուր ռազմավարական արդյունավետությունը հաշվի առնելով: Բոլոր ծրագրերը պետք է ներքին տրամաբանական շղթայով միմյանց կապված լինեն, որպեսզի գլոբալ արդյունքը լինի հնարավորինս մեծ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր խոսքում նաև նշեց, որ այս դրամաշնորհը բնապահպանության ոլորտում Հայաստանին հատկացված ամենախոշոր դրամաշնորհն է, և դրանում ներառված չէ վարկային որևէ կոմպոնենտ: Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում