ԲՆ-ը լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումներ կգնի. համաձայնագրեր են ստորագրվել

Հոկտեմբերի 18-ին Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել երկու համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերը, ֆրանսիական «Արտուա-Պիկարտի» ջրային գործակալության ներկայացուցիչ Ժակ Կոտելը, բնապահպանության նախարարության, դեսպանատան և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բնապահպանության նախարարն, իր ողջույնի խոսքում կարևորել է համաձայնագրերի ստորագրումը, որոնք ուղղված են ոլորտի տեխնիկական վերազինմանը և մոնիթորինգի համակարգի կատարելագործմանը։ Է․ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել նաև ջրավազանային կառավարման պլանավորման լավագույն փորձով աշխարհում հայտնի Ֆրանսիայի հետ համագործակցությունը նոր հարթության վրա բարձրացնելու մեկնարկող գործընթացը։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատել է, որ շրջակա միջավայրի պահպանությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, երկու երկրների համագործակցության գերակայություններից են։ Դեսպանը բարձր է գնահատել նաև Փարիզյան համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերը։

Բնապահպանության նախարարի և ի դեմս Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության՝ ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի ղեկավար Մայքլ Սուտերի ստորագրած համաձայնագրի շրջանակներում կիրականացվի լաբորատոր և մոնիթորինգի սարքավորումների գնում, համապատասխան վերապատրաստման իրականացում և լաբորատորիայի նոր մասնաշենքի վերանորոգման աջակցություն: Ողջ ծրագրի համար Հայաստանին նախատեսված է տրամադրել 1 մլն եվրո, որի շրջանակներում ենթակառուցվածքների բարելավման և սարքավորումների տրամադրման ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 600,000 եվրո։

Ֆրանսիայի «Արտուա-Պիկարդի» ջրային գործակալության և Բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալութան միջև համագործակցության համաձայնագիրն ստորագրել են գործակալության պետի պաշտոնակատար Էդգար Փիրումյանը և ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Կոտելը։ Համաձայնագրի նպատակն է հիմնել տեխնիկական համագործակցություն՝ ինստիտուցիոնալ հզորացման, ջրօգտագործման տվյալների հավաքագրման գործընթացի բարելավման, ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման և տնտեսական մեխանիզմների կիրառումն ընդլայնելու համար:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում