Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նոր պոչամբարի համար տարածք է որոնում

Սեպտեմբերի 26-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքերի ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիրգորյանին: Նամակի միջոցով ընկերությունը հայտնում է, որ նոր պոչամբարի կառուցման համար տարածք է որոնում: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ.

«Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 134-Ա հրամանով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության` օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգվել է 25 տարով և հաստատվել է արդյունահանման նախագծի փոփոխությունը` 2016 թ-ի դեկտեմբերի 16-ի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության թիվ ԲՓ 108 պետական փորձաքննական եզրակացությամբ սահմանված պահանջները կատարելու պայմանով:

Նշված պահանջների շարքում սահմանված է նաև, որ ընկերությունը մինչև Արծվանիկի պոչամբարի շահագործման ժամկետի լրանալը պետք է ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնի պոչերի հարցի լուծման ընտրված տարբերակը, դրա ընտրման հիմնավորումը, գումարային ազդեցությունները, ինչպես նաև համապատասխան նախագծային փաստաթղթերը և ՇՄԱԳ հաշվետվությունը:

Առաջնորդվելով ընկերության որդեգրած կայուն զարգացման սկզբունքներով, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել իրականացվող գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ընկերությունը, չսպասելով նշված եզրակացությամբ ամրագրված ժամկետի ավարտին, արդեն իսկ նախաձեռնել է նոր պոչամբարի կառուցման համար անհրաժեշտ տարածքների որոնման, տեխնիկական լուծումների մշակման և վերլուծության աշխատանքներ: Ընկերության հանձնարարությամբ հեղինակավոր SRK Consulting UK ընկերությունն իրականացրել է նախնական ուսումնասիրություններ և տրամադրել առաջարկություններ` պոչամբարի տեղակայման հնարավոր տարբերակի վերաբերյալ:

Հաշվի առնելով իրականացվելիք ծրագրի խիստ ընդգրկուն և բազմակողմանի լինելը, նախագծային լուծումների մշակման աշխատանքների ամենավաղ փուլից շահագրգիռ պետական մարմինների հետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ փորձաքննական նշված պահանջի շուտափույթ իրականացմամբ կլուծվեն ոչ միայն բնապահպանական խնդիրներ, այլև շրջակա համայնքների բնակիչներին ու շահագրգիռ հանրությանն անհանգստացնող հարցեր, առաջարկում ենք, որպեսզի նշված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև ընկերության մոտեցումներն ու հնարավոր լուծումները` Ձեր հայեցողությամբ որոշված ձևաչափով (մեր պատկերացմամբ` ընկերության ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ձևավորելու միջոցով), քննարկվեն ՀՀ բնապահպանության նախարարության, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական մարմինների մասնագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից` նոր պոչամբարի հետ կապված հնարավոր նախնական համաձայնություն ձեռք բերելու, բոլոր շահագրգիռ կողմերի դիտողություններն ու մոտեցումները հաշվի առնելու և հնարավորինս սեղմ ժամկետում նախագծի իրականացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում