Սևանը շուտով կսկսի բացասական հաշվեկշիռ գրանցել

Ինչպես հայտնել ենք, այս տարի ևս Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվում է հավելյալ ջրառ: Օգոստոսի 30-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, թե որքան է կազմել Սևանա լճից իրականացված ընդհանուր ջրառը: Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 7-ի 14:00 դրությամբ կազմում է 187.523 մլն խմ:

2018թ.-ի ապրիլ ամսին «ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ» Կառավարության N 436-Ա ՀՀ որոշման համաձայն «... Ոռոգման նպատակով Սևանա լճից 2018 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն խմ»: 

Սակայն, Ջրային կոմիտեի ներկայացրած պահանջարկի համաձայն կիրականացվի նաև հավելյալ ջրառ՝ 40 մլն խմ ծավալով: Մեզ հետ զրույցում «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը նշել է՝ «ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալների, եթե 25 մլն խմ-ից ավել ջուր բաց թողնվի Սևանը բացասական հաշվեկշիռ է գրանցելու»: 

Նշենք, որ «Սևանի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի, հոդված 11-ը սահմանում է. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները», որի «բ» կետով ասվում է. «Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) և լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը»: 

Հետևաբար Սևանա լճից արդեն իրականացվել է 17.5 մլն խմ ծավալով լրացուցիչ ջրառ և ընդամենը 7.5 մլն խմ ջրառից հետո լիճը կսկսի գրանցել բացասական հաշվեկիռ: 

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում