«Սիրո գերիները»՝ Արմավիրի փշալարապատ «կենդանաբանական այգում» (ֆոտոշարք, տեսանյութ)
«...Բա ի՞նչ անեի, թողնեի՞ սատկեին կամ քնացնեին էտ կենդանիներին... զանգում էին, ասում էին՝ չենք կարում պահենք, ես էլ վերցնում էի, բայց պայման չունեի: Երեխուս պես սիրում եմ էս կենդանիներին...»
Արմեն Թադևոսյան. Արմավիրի կենդանաբանական այգու տնօրեն
Օրերս Արմավիրի մասնավոր կենդանաբանական այգում պահվող կենդանիների պայմանների վերաբերյալ ստացված բողոքի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում, մարզի տեսուչների հետ միասին, կամավոր հիմունքներով, տարածք այցելեցին մի քանի փորձագետներ՝ տեղում ծանոթանալու այգու պայմաններին:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ևս նշված մասնավոր «կենդանաբանական այգու» տարածքում էր, որտեղ անազատ պայմաններում պահվում են ոչ միայն ՀՀ կարմիր գրքում, այլև ԲՄՊՊ (IUCN) Կարմիր ցուցակում ներառված կենդանիներ ու թռչուններ:
Տեսանյութում և լուսանկարներում աչքի է ընկնում ՀՀ կարմիր գրքում գրանցված 2 արջերի և դրանց քոթոթների պահման պայմանները: Ի դեպ, վարչական վարույթի հիմք հանդիսացած ահազանգը, որը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հնչեցրել է դեռ հունիս ամսին, վերաբերում էր հենց արջերին և դրանց պահման պայմաններին: Ինչպես արձանագրեցին մասնագիտական խմբի անդամները, մասնավորապես WWF հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը, «Փրո փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան նրկայացուցիչ Նարե Արամյանը, «Էկզոտարիում» ՍՊԸ հիմնադիր Կարեն Մարտիրոսյանը և այլոք, արջերի պահման պայմանները բավարար չեն, ապահովված չեն նաև տարրական անվտանգության կանոնները, ինչը վտանգ է ներկայացնում առաջին հերթին այգու այցելուների համար, ինչպես նաև հենց կենդանիների:
Այգում պահվող 23-ամյա էգ արջը, վերջերս երկու քոթոթ է ծնել, ինչն ըստ ներկա մասնագետների, անթույլատրելի է, քանի որ նախ կենդանին համարվում է ծեր, և երկրորդ՝ արջերին պահելու պայմանները բավարար և նպաստավոր չեն վերարտադրություն իրականացնելու համար: Բացի այդ, կենդանիների և գործընթացի նկատմամբ սահմանված չէ պատշաճ պետական վերահսկողություն: Արմեն Թադևոսյանը նշեց, որ արջերը նաև «հատուկ ծնարան» ունեն, ինչը վկայում է բազմակի բուծման հավանականության մասին: Նարե Արամյանն էլ ընդգծեց, որ այս պայմաններում բազմացումը կտրականապես անընդունելի է:
Նշենք նաև, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը.
Հոդված 27. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ եթե տարածքը թույլ է տալիս բազմացնել կենդանիներին, օրինակ, եղնիկների և սիրամարգերի դեպքում, ապա կարելի է, իսկ այն կենդանին, որը չունի պայմաններ, օրինակ, արջը, ապա, իհարկե չի կարելի:
Նշենք, սակայն, որ անազատ պայմաններում բուծված կենդանին չի կարող վերադարձվել վայրի բնություն, այն կարող է գոյատևել միայն անազատ պայմաններում՝ մարդու խնամքի տակ, ինչը կասկածելի է դարձնում բուծման անհրաժեշտությունը:
Ի պատասխան այգու տնօրենը նշեց. «Չեմ բազմացնում, ուղղակի ուզեցա տեսնեմ 23 տարեկանում ձագ կտա, թե՝ չէ, էտ էլ լուրջ բան ա»:
Վերջինիս պնդմամբ, Արմավիրի համայնքապետարանը հանձն է առել արջերի համար նոր վանդակ կառուցել: Նախնական ժամկետների և նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն:
Անվտանգության կանոնները պահպանված չեն նաև առավել վտանգավոր կատվազգի գիշատիչ առյուծի դեպքում: Անգամ, եթե առաջնային չհամարենք կենդանու բարվոք գոյության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, առյուծի վանդակը չափազանց խոցելի է հենց անվտանգության տեսանկյունից: Կանխարգելված չէ մարդկանց, հատկապես՝ երեխաների մուտքը առյուծի վանդակին թույլատրելիից մոտ գտնվող տարածք: Առաջնային ցանկապատը հեշտ անցանելի է և երեխան հեշտությամբ կարող է հայտնվել առյուծի հասանելիության տարածքում, ինչը և տեղի ունեցավ այցելուների ներկայությամբ, երբ տնօրենի անչափահաս որդին անցնելով առաջնային ցանկապատը, հայտնվեց գիշատչից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ տարածության վրա: Միջադեպին արձագանքեցին նաև մասնագետները՝ անընդունելի համարելով այն: Արմեն Թադևոսյանի պնդմամբ՝ իր անչափահաս որդուն առյուծը «շատ է սիրում և կապված է» երեխայի հետ, ինչը վկայում է այն մասին, որ երեխան երկար ժամանակ է անցկացնում կատվազգի գիշատչի հետ:
Նշենք, որ վանդակի տանիքը ցանցապատ է և չի կարելի վստահ լինել, որ կենդանին ունակ չէ հաղթահարելու այդ արգելքը: Նշենք նաև, որ առյուծի վանդակի անմիջապես հարևանությամբ պտղատու այգիներ և բնակելի տարածքներ են, որտեղ բնակիչներն իրականացնում են այգու մշակման աշխատանքներ: Բացի այդ, այգու տարածք մշտապես այցելում են թե՛ երեխաներ, թե՛ մեծահասակներ:
Մասնագետները նշեցին, որ բավարար պայմաններում (ի նկատի ունենալով տարածքի մեծությունը) են պահվում միայն կճղակավոր կաթնասունները, ինչպես նաև՝ ոչ գիշատիչ թռչունները:
Այգում պահվում է եգիպտական անգղ կամ գառնանգղ, որը ԲՄՊՊ Կարմիր ցուցակում գրանցված թռչուն է «Endangered A2bcde+3bcde+4bcde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN A2bcde+3bcde+4bcde: Այգու տնօրենը պնդում է, որ կենդանուն փրկել է «մարդկանց ձեռքից»: Թռչունը պահվում է մի քանի մետր տարածքության վրա, ոչ բարվոք վանդակում, կերակրվում՝ անհասկանալի սննդակարգով:
Այգում պահվում է նաև սպիտակագլուխ անգղ: Տեսակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով, ինչպես նաև CITES-ի Հավելված 2-ում, Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Նույն խնդիրներն առկա են նաև տվյալ դեպքում:
Կարմիրգրքյան վտանգված տեսակ է նաև սև անգղը: Հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Վտանգված»` EN D: ՀՀ տարածքում պահպանվում է 9-11 բնադրազույգ:
Բացի այդ, տարածքում պահվում է նաև քարարծիվ, բադերի տեսակներ, կարմիրգրքյան մոխրագույն սագ, կարմիրգրքյան փասիաններ, ջայլամներ, եղնիկներ, լամաներ, ուղտ և այլն:
Արմեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիշատիչ թռչունների համար այժմ կառուցվում է նոր ազատավանդակ, որն օժտված է լինելու առավել բարվոք պայմաններով:
Ընդգծենք, որ այգու տնօրենը, կենդանիների խնամակալը, անվտանգության աշխատակիցը և անգամ անասնաբույժը հենց ինքը Արմեն Թադևոսյանն է: Պարզեցինք, որ կենդանիների բուժմամբ ևս այգու տնօրենն է զբաղվում: Ավելին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի պնդմամբ, երբ մարզում վիրավոր թռչուն կամ կենդանի է հայտնաբերվում, դիմում են վերջինիս: Այգում չեն իրականացվում նաև համապատասխան սանիտարահիգիենիկ միջոցառումներ, հետևաբար մեծ է ռիսկը վարակիչ կամ այլ հիվանդությունների տարածման և փոխանցման: Բնականաբար, բացակայում են նաև կենդանիների խնամքի համար անհրաժեշտ դեղամիջոցները և արտակարգ իրավիճակներում գործելու համար անհրաժեշտ քնեցնող նյութերը: Օրինակ, եթե մեկ օր առյուծը դուրս պրծնի վանդակից, ապա հնարավոր չի լինի իրականացնել անվտանգության ապահովման առաջին գործողությունները:
Խոսելով խնդրի մասին՝ Նարե Արամյանը նշեց. «Սանիտարահիգիենիկ պայմանները նախ և առաջ մարդկային հասարակության առողջապահական խնդիրն է: Երբ Դուք բուժում եք, փրկում եք կենդանուն, տեսնում եք նա քայլում է, թռչում է, չի նշանակում, որ նա չունի այն հիվանդությունները, որոնք առաջին հերթին իրեն են վնաս, բայց, եթե դրա մասին էլ չմտածենք, նա վնաս է նաև մարդկային հասարակության համար»:
Դիտարկելով նաև խնդրի բարոյական կողմը՝ պետք է շեշտենք, որ ապահովված չեն նաև մարդկանց, հատկապես՝ երեխաների վայրի բնության և կենդանիների հետ էսթետիկ և ճանաչողական շփման պայմանները: Այսինքն, ի սկզբանե ոչ պատշաճ է իրականացվում երեխայի ծանոթացումը վայրի կենդանու հետ, ինչը երեխայի կողմից կարող է ընկալվել որպես «նորմա» և հետագայում խնդիրներ առաջացնել թե՛ կենդանական աշխարհի, թե՛ մարդկային հասարակության ներկայացուցիչների համար:
Նշենք, որ տվյալ այգին գործում է արդեն ավելի քան 20 տարի: Այս տարիների ընթացքում պատշաճ վերահսկողության բացակայության և կենդանիների նկատմամբ Արմեն Թադևոսյանի «սիրո» արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Չնայած, Արմեն Թադևոսյանը չունի օրենքով սահմանված անհրաժեշտ, կենդանիների տիրապետման մասին և ոչ մի փաստաթուղթ, չեն պահպանվում ՀՀ օրենքով, ինչպես նաև միջազգային նորմերով և կոնվենցիաներով սահմանված ոչ մի դրույթ, չեն պահպանվում անվտանգության տարրական կանոնները և այլ բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում, վերջինս հավաստիացած է և պնդում է՝ իր այգին ոչ ոք չի կարող փակել, իր կենդանիներին ոչ ոք չի կարող խլել: Ավելին, այս տարիների ընթացքում վերահսկող պետական մարմինը, այս դեպքում՝ Բնապահպանության նախարարությունը, տեսչական մարմինը և վերջին տարում նաև՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, չեն իրականացրել համապատասխան գործողություններ այգում վերահսկելի և կանոնակարգվող իրավիճակ ստեղծելու ուղղությամբ: Չնայած, անգամ վերջին 3-4 տարում այգու տարածք է տեղափոխվել Գյումրու տխրահռչակ կենդանաբանական այգու ուղտը և այլ կենդանիներ, սակայն դրանք չեն հաշվառվել և գրանցվել:
Բացի այդ, առկա է նաև կենդանիների բուծման և անօրինական վաճառքի վտանգ, քանի որ տարիներ շարունակ բացակայել է պետական պատշաճ վերահսկողությունը:
Նարե Արամյանի պնդմամբ, ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը ոչ այնքան քաղաքացու ուսերին է, որքան պետական մարմինների, որոնք թույլ են տվել այսպիսի իրավիճակ:
WWF հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը նշեց, որ այգում պետք է իրականացվի Collection planning (հավաքածոի պլանավորում), կազմվի master plan (գլխավոր հատակագիծ), պետք է բացառվի վայրի կենդանիների անմիջական շփումը մարդկանց հետ, իրականացվեն լաբորատոր հետազոտություններ և մի շարք այլ խնդիրներ կուծվեն:
Ամփոփելով ստեղծված իրավիճակը՝ և տեսնելով այգու պայմաններն, այցելուները հայտնեցին, որ կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել, եթե այգում իրականացվեն բարեկարգման աշխատանքներ նշված թերությունները լուծելու ուղղությամբ:
«Վերջին տարվա ընթացքում` շփվելով մասնավոր տարածքներում բանտարկված արջերի «տերերի» հետ, շատ եմ լսել՝ «սիրում ենք մեր կենդանուն», «այսքան տարի պահել ենք», «երեխայիս պես սիրում եմ» արտահայտությունները... արդյո՞ք դա է սերը... բնավ՝ ո՛չ»
Մարիամ Տաշչյան. էկո-լրագրող. հոդվածի հեղինակ