ԳԷՀ ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ընթացող Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ասամբլեայի 6-րդ նախարարական նստաշրջանին:

Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է 183 անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ասամբլեայի 6-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանին հատկացվել է 7.450.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Այն օգտագործվելու է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և հողերի դեգրադացման դեմ պայքարի ուղղությամբ ծրագրեր իրականացնելու նպատակով։

Նախարար Գրիգորյանը հանդես է եկել զեկույցով, որում մասնավորապես նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում դոնորների, անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի հետ տեսակետները կիսելու նման հնարավորությունը:

Բնապահպանական հիմնախնդիրները փոխկապակցված են մարդկային կյանքի որակի, տնտեսական և սոցիալական իրավիճակների հետ: Կարևոր է նշել, որ աղքատությունը բնապահպանական կարևորագույն խնդիրներից մեկն է և աղքատության կրճատումը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ բնապահպանական խնդիրների լուծման գործում»:

Բնապահպանության նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել, որպեսզի քայլեր ձեռնարկեն ազգային բնապահպանական և տնտեսական որոշումներ կայացնող ինստիտուտների կարողությունների հզորացմանը նպաստելու համար:

Խորհրդաժողովի ընթացքում բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների հարցերով գլխավոր տնօրեն Կարին Կեմպերի, Կլիմայի կանաչ հիմնադրամի գլխավոր քարտուղար Հովարդ Բամսեի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սիր Սոոմա Չակրաբարտիի, Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաոկո Իլիի, ինչպես նաև այլ հեղինակավոր միջազգային բնապահպանական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում