Ինձ համար հասկանալի չեն անհնազանդության այս գործողությունները. Վարչապետը՝ Ամուլսարի խնդրի մասին

Ինչպես հայտնել ենք, արդեն 5-րդ օրն է, ինչ տեղի բնակիչները փակ են պահում դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհները: Պահանջը մեկն է. դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքում իրականացվող աշխատանքները: Այս թեմայի շուրջ երեկ՝ հունիսի 25-ին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի կողմից հնչեցված հարցին: Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, ես էլի կոչ եմ անում, որ դուք Կառավարությանը հնարավորություն տաք, որպեսզի զբաղվի այս հարցով: Ես անկեղծ եմ ասում չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում: Ես խնդիրներ ունեմ էտ գործողության նպատակը հասկանալու իմաստով, որովհետև այդ գործողության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ և մենք հիմա ուսումնասիրում ենք, թե որ մեկնաբանությունն է այնուամենայնիվ առավել ճշգրիտ: Ես էլի կոչ եմ անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության այդ բոլոր գործողությունները և հնարավորություն տալ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա այդ խնդիրներով զբաղվել և փաստերի հիման վրա լուծել այդ խնդիրները: Հասկանո՞ւմ եք, մենք պետք է բոլոր խնդիրներին լուծումներ տանք փաստերի հիմման վրա: Մենք չենք կարող կայացնել չինֆորմացված որոշումներ, այնպիսի որոշումներ, որի ճշմարտացիության մեջ մենք ինքներս 100 տոկոսով համոզված չենք: Ես հուսով, որ բոլորս հասկանո՞ւմ ենք չէ, որ մենք՝ Կառավարությունը, ոչ մի կոռուպցիոն կապող, կաշկանդող կապ չունի ո՛չ Ամուլսարի, ո՛չ էլ որևէ հանքի հետ, ո՛չ էլ որևէ բիզնեսի հետ, ընդհանրապես որևէ մեկի հետ: Չկա այդպիսի մի սուբյեկտ, որի հետ կապված մենք ինչ-որ կաշկանդվածություն ունենանք: Բայց բոլոր դեպքերում, մեր գործողությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա: Եվ մենք հնարավորություն ենք խնդրում, որպեսզի մենք այդ հնարավորությունն ունենանք, ընդ որում խնդրում ենք առանց նախապայմանի: Խնդրում եմ, մի ասեք մեզ, որ այ դուք պետք է միայն այսպիսի փաստերի հանգեք, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Մենք գնալու ենք, օբյեկտիվ փաստերը գտնենք և մեր հնարավոր որոշումը հիմնվելու է փաստերի վրա, անկախ նրանից, թե ինչ փաստ ի հայտ կգա: Բոլորին հրավիրում ենք, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, մասնակցելու, գնահատելու, բանավիճելու ձեռք բերված փաստերի վերաբերյալ»: 

Վարչապետն ընդգծում է, որ կառավարությունն առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերով: «Ինձ համար հասկանալի չէ նաև այս պարագայում քաղաքացիական անհնազանդության գործողությունները, և եթե այդ գործողությունների նպատակը սաբոտաժը չէ և կառավարության համար փակուղային իրավիճակներ ստեղծելը, ես կոչ եմ անում՝ դադարեցրե՛ք, մենք կաշկանդված չենք ոչ մի բանով, եկե՛ք, օգնե՛ք մեզ և մի խանգարեք մեզ, որպեսզի մենք ունենանք փաստեր և որոշումները կայացնենք բացառապես հիմնվելով այդ փաստերի վրա, որովհետև կարող է իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին երևում է, որովհետև կարող է գործողությունների նպատակն այն չէ, ինչի մասին հայտարարվում է: Սա է դիրքորոշումը: Իհարկե, խնդիրը կա, իհարկե, մենք այդ խնդրով պետք է զբաղվենք, իհարկե, մենք այդ խնդրին պետք է լուծում տանք, բայց թե ինչ լուծում պետք է տանք, պետք է հիմնված լինի մեր ունեցած անհերքելի փաստերի վրա և կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, որ մենք ընդհանրապես ցանկացած որոշում՝ քրեական գործերով կլինի, քաղաքացիական գործերով կլինի, քաղաքական որոշում կլինի, հենվեն փաստերի վրա: Սա շատ կարևոր իրավիճակ է, և եթե խնդիրը սաբոտաժ իրականացնելը չէ, կառավարությանը փակուղային վիճակի մեջ դնելը չէ և կառավարության համար փաստերի հավաքագրման ճանապարհին արգելք հանդիսանալը չէ, կոչ եմ անում, որ դադարեցրեք այդ գործողությունները, որպեսզի մենք նաև իրար հետ հանգիստ աշխատելու հնարավորություն ունենանք»,- եզրափակել է նա: 

Նշենք, որ օրերս ՀՀ-ում էին քիմիական ինժեներ Հարութ Բռոնոզյանի կողմից հրավիրված միջազգային փորձագետները, որոնք այցելեցին նաև Ամուլսարի տարածք: Նշված հանդիպում հետո փորձագետները կրկին հանդիպեցին հանրության և ԶԼՄ-ների հետ և կրկին անգամ հայտնեցին իրենց մտահոգությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետ կապված:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում