Մոզրովի բնակիչները պատրաստակամ են Էկոգյուղերի գլոբալ ցանցի մաս կազմել (ֆոտոշարք)

Հայաստանն առաջին քայլերն է անում էկոգյուղերի ստեղծման գործում՝ երկիրն Էկոգյուղերի գլոբալ ցանցի մաս դարձնելու նպատակով: Այս նպատակով Հայաստան է այցելել Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Ջոուբերտը և իր փորձը փոխանցել ՀՀ տարբեր համայնքների բնակիչներին՝ ներգրավելով նրանց առավել արդյունավետ և էկոլոգիապես մաքուր գյուղական համակարգ ստեղծելու գործում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, GIZ հովանավորությամբ և մի շարք պետական կառույցների աջակցությամբ, Կոշա Ջոուբերտն արդեն իսկ հանդիպումներ է ունեցել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի, Վայոց ձորի մարզի Վարդահովիտ և Մոզրով համայնքների բնակիչների հետ: Հանդիպումների ընթացքում բնակիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել նշված ծրագրի նկատմամբ և ցանկություն հայտնել մասնակցելու դրա իրականացմանը:

Օրերս Մոզրով համայքնում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցեցինք նաև մենք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/:

Մոզրով համայնքային դպրոցի սենյակներից մեկում հավաքվել էին փոքրաթիվ, սակայն ապագայի նկատմամբ հույսով լցված բնակիչներ: Գյուղական առօրյայի դժվարությունների հետևանքով համայնքի բնակչության մի մասը լքել է հայրենի գյուղը. համայնքում բնակվող ընդամենը մեկ երիտասարդ ընտանիք կա, որի երեք զավակները համայնքի դպրոցի միակ աշակերտներն են: Չնայած դժվարություններին, բնակիչները կատակում են՝ երեք աշակերտ ունեն, նույնքան էլ ուսուցիչ:

Արտերկրից հատուկ իրենց օգնելու նպատակով ժամանած հյուրին բնակիչները սիրով ընդունեցին: Կոշա Ջոուբերտը դասընթացի, խաղերի և սլայդերի ցուցադրության միջոցով բնակիչներին փոխանցեց էկոգյուղի հիմնական գաղափարը՝ ցույց տալով, որ որդեգրելով էկոգյուղի սկզբունքները համայնքը կարող է առավել զարգանալ և կատարված աշխատանքն առավել արդյունավետ դարձնել: Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրենը Մոզրով համայնքի բնակիչներին ներկայացրեց համաշխարհային փորձից մի քանի օրինակ, որտեղ տարբեր երկրներ կարողացել են էկոգյուղի գաղափարի սկզբունքները որդեգրելով ծաղկեցնել իրենց համայնքը: Խաղերի միջոցով վերջինս գործընթացի մեջ ներգրավեց բնակիչներին, որոնք չէին թաքցնում իրենց հետաքրքրվածությունը:

Կոշա Ջոուբերտին խնդրեց բնակիչներին առանձնացնել իրենց համայնքի ուժեղ և թույլ կողմերը. բնակիչների մեծամասնության կարծիքով համայքնի ուժեղ կողմը մեղվապահությունն է, որով և հայտնի է Մոզրովը: Սակայն, բնակիչները նաև խնդիր առաջ քաշեցին. երկարատև անձրևների պատճառով հաճախ ստիպված են լինում բույսերի հակասնկային միջոցներ օգտագործել, որոնք միևնույն ժամանակ վնասում են մեղուներին: Ջուբերտին լսելով ներկաներին, նշեց, որ այս և նմանօրինակ խնդիրների լուծումը կարելի է գտնել տարբեր մեխանիզմներ մշակելով, ինչի համար էլ հենց նախատեսված են էկոգյուղերի գլոբալ ցանցի ծրագրերը:

Ներկաները որպես ուժեղ կողմ առանձնացրեցին նաև համայնքի բնակիչների համախմբվածությունն ու միասնականությունը, որն այնքան դժվար է պահպանել: Համախմբվածությունն ապացուցվեց Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծրագրերին միանալու ներկաների միաձայն որոշմամբ: 

Նշենք նաև, որ Ուրցաձոր և Վարդահովիտ համայնքի բնակիչները ևս վերոնշյալ ծրագրին միանալու պատրաստակամություն են հայտնել:

Կոշա Ջոուբերտին մեզ հետ զրույցում նշեց նաև, որ այցը դեպի Հայաստան հովանավորվել է GIZ-ի կողմից: «Ինչպես նաև գերմանացի բարերարները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս հայեցակարգի հանդեպ: Տարիներ շարունակ գլոբալ էկոգյուղերի ցանցը համագործակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հետ: Հանդիպել ենք նաև նոր վարչապետի կնոջը, ով որոշել է բարի կամքի դեսպան դառնալ այս ծրագրի համար»,- նշեց նա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում