Մենք ասում ենք՝ Ամուլսարը չի աշխատելու, ինքն ասում է՝ աշխատելու է. հանդիպում՝ Հայկ Ալոյանի հետ
Ինչպես նախապես հայտնել ենք, շարունակվում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիաները: Արդեն 3-րդ օրն է, ինչ տեղի բնակիչները փակ են պահում դեպի հանք տանող բոլոր ճանապարհները: Ինչպես Ջերմուկից հայտնում է մեր /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ թղթակիցը, այժմ ամբողջությամբ փակ են հանք տանող ճանապարհները, և ակտիվ կերպով իրականացվում է ստորագրահավաք, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ: Պահանջը մեկն է. դադարեցնե՛լ Ամուլսարի հանքի շահագործումը:
Հանքի գլխավոր մուտքը փակել են Գնդեվազ համայնքի 50-60 ներակայացուցիչներ, ովքեր նաև գիշերում են տվյալ տարածքում: Մյուս ճանապարհները նույնպես փակվել են Ջերմուկի, Կեչուտի բնակիչների կողմից: Բողոքի ակցիայի մասնակիցները 24 ժամ ճանապարհները փակ են պահում:
Մեր թղթակիցը նշում է նաև, որ «Լիդիան Արմենիա» ընկերության անվանգության ծառայությունը վերահսկում է միայն դեպի տարրալվացման հարթակ տանող մուտքը: Իսկ Ջերմուկ գնացող ճանապարհը փակ չէ, ավելին՝ գնացող մեքենաներին նույնպես առաջարկվում է մասնակցել ստորագրահավաքին, որին մասնակցում են գրեթե բոլորը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Արդեն 3-րդ օրն է մենք չենք թողել ոսկու հանքն ընդհանրապես աշխատի: Բոլոր կապալառուները՝ Երևանից, Էջմիածնից հետ են գնացել իրենց քաղաքները: Մենք չենք բացելու հանքն այնքան ժամանակ, մինչև պաշտոնապես հայտարարություն չլինի «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, որ հանքի շահագործումը դադարեցվում է: Կազմակերպում ենք ստորագրահավաք, որին կցելու ենք նաև մեր դիմում-բողոքները և ներկայացնելու ենք վարչապետին»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախատեսվում է նաև ավագանիների հանդիպում Հայկ Ալոյանի հետ, սակայն դեռ պարզ չէ՝ երբ: Նա նշեց, որ բողոքի ակցիայի մասնակիցներն ունեցել են հանդիպում «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ:
«Հանքի ղեկավարության հետ եղել է հանդիպում: Հանդիպումն անցել է փողոցում, որտեղ ժողովուրդը հավաքված էր: Ամեն ինչ անցել է հանգիստ, և ոչ մի միջադեպ չի գրանցվել: Մենք ներկայացրել ենք մեր պահանջը, որ չենք թողնելու հանքը շահագործվի, պատճառները ասել ենք: Մեկ պահանջ ունենք. հանքը պետք է փակվի, միլիարդ էլ տան, աշխատատեղ էլ տան, ինչ էլ ուզում է տան, մենք հանք չենք ուզում: Սակայն ընդհանուր հայտարարի չենք եկել: Նրանք Գնդեվազում էլ են առանձին հանդիպել, Ջերմուկի ժողովրդի հետ էլ են առանձին հանդիպել: Ընդհանուր արդյունքն եղել է այն, որ մենք ասում ենք հանքը չի աշխատելու, ինքն ասում է՝ աշխատելու է»,- մանրամասնեց նա:
Տեղի բնակիչները նշում են նաև, որ խոսքը միայն իրենց չի վերաբերում, այլ Հայաստանի բոլոր բնակիչներին: «Մենք ցանկացել ենք փակել, կաթվածահար անել հանքի գործունեությունը և արել ենք: Սակայն այս բողոքի ակցիային կարող են միանալ բոլորը, որովհետև խնդիրը վերաբերում է բոլորին, ոչ միայն Ջերմուկին կամ Գնդեվազին»,- նշեց նա:
