Ահազանգի հետքերով. ինչ է տեղի ունենում Դիլիջանի անտառներում (ֆոտո)

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ՝ «Դիլիջան» ազգային պարկի անտառներում խոշոր ծառահատումներ են հայտնաբերվել: Այս մասին ահազանգում են Տավուշի մարզում անկախ մոնիթորինգ իրականացնող «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամներն, ինչպես նաև մի քանի բնապահպան ակտիվիստներ: 

«SOS TV» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ հետևյալ գրառմամբ. «Դիլիջանի ազգային պարկից մի հատված, այս սպանդը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 8-ին»։ 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչներն ահազանգի հետքերով գիշերը եղել են նշված տեղանքում: Այս մասին մեզ հետ զրույցում /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը: Ծառահատումների ծավալներն ու այլ մանրամասները հայտնի կդառնան ուսումնասիրություններն ավարտելուց հետո: 

«SOS TV» նախաձեռնությունը գրում է նաև. «Դիլիջանի ազգային պարկի տնօրինությունը, պետք է անհապաղ հրաժարական տա։ Ոչ մի ծանր տեխնիկա չպիտի մտնի ազգային պարկի տարածք։ Դիլիջանի ազգային պարկի տնօրինությունը ի վիճակի չէ վերահսկել մեր բնությունը, մեր հարստությունը։

Անհապաղ պետք է այս հարցը կարգավորվի, անհապաղ։ Մարդիկ, որոնք պետք է վերահսկեին մեր անտառները, չեն կարողացել կատարել իրենց աշխատանքը։ Գումարած այս ամենին, նրանք շահագրգռված չեն խնդիրը լուծել։ Պատճառները պետք է պարզի ՀՀ ոստիկանությունը»:

Դեպքի առնչությամբ առավել մանրամասն տեղեկություններ կհաղորդենք կատարվող աշխատանքներից հետո:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում