«Սևան ազգային պարկ»-ում չարաշահումներ և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են արձանագրվել
ՀՀ վերահսկիչ պալատից ստացված` ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատախազության պաշտոնական կայքից:
Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված, սակայն մասնակի կատարված աշխատանքները՝ էական վնաս պատճառելով պետության գույքային շահերին, ստորագրել և հաստատել են ակնհայտ կեղծ տեղեկություններ բովանդակող պաշտոնական փաստաթղթեր՝ կատարողական ակտեր, հանձնման-ընդունման արձանագրություններ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: