Ահազանգ. Այստեղ ընդամենը մեկ տարի առաջ խիտ ու վայրի անտառ էր... հիմա էլ ոչինչ չկա (ֆոտո)

«Սա Ենոքավան գյուղից սկսվող հայտնի տուրիստական երթուղու` Լաստիվերի արահետի մյուս կողմն է` Խաչաղբյուր գետի կիրճի հակառակ լանջը: Այս լանջերին, տվյալ թեքության վրա, օրենքով արգելված է ցանկացած ծառահատում, որովհետև առաջացնում է սողանք և ունենում է շատ այլ վատ հետևանքներ: Բայց դե ծառահատումները տեղի ունեցան ու մեր հայրենիքը կրեց միլլիոնների վնասներ: Սպասում ենք ՀԱՅԱՆՏԱՌ ՊՈԱԿ-ի պաշտոնական բացատրությանը այն մասին, թե ինչպես սա տեղի ունեցավ հենց իրենց աչքի առաջ»,- գրված է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը նպատակ ունի անկախ մոնիթորինգ իրականացնել հատկապես «Դիլիջան» ազգային պարկի և մոտակա տարածքներում: Նախաձեռնության ակտիվ մասնակից է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, նրա ընկերներն ու մի շարք այլ քաղաքացիներ: Նախաձեռնության կողմից արդեն իսկ հայտնաբերվել են մի շարք ծառահատումներ:

Գրառման շարունակությունը. «Իսկ հիմա դիմում ենք ծառագողերին.

- Դուք թերացել եք դպրոցում, չեք սովորել, չեք ստացել ոչ մի մասնագիտություն ու ձեր իսկ թամբալության պատճառով չեք կարողանում ստեղծել օգտակար ոչ մի բան: Ձեր միակ տաղանդը բոլորի սեփականությունը, բոլորի ապագան ու առողջությունը գողանալն է: Դրանից հետո էլ միևնույն է մնալու եք առանց վաղվա հացի, վաղվա հույսի ու առանց ձեր իսկ ձեռքով կործանած, ձեր թոռների առողջ ապագայի իրավունքի: Դրա փոխարեն խորհուրդ ենք տալիս վերադառնալ գյուղացու արդար աշխատանքին ու ոչ թե գողանալ այն, ինչը ձերը չէ: Մեր երկիրը շատ թալանողներ կան: Ու եթե դրանց դեմ պայքարելու տղամարդկություն չունեք, ապա գոնե մի դարձեք դրանցից մեկը` ավելի ճիշտ դրանց էժանանոց ու դիշովկա, պստիկ տարբերակը: Եվս մեկ անգամ նայեք այս նկարին` սա ձեր ձեռքի արածն է, որն այլևս երբեք չի վերականգնվի, այլևս երբեք մաքուր օդ չի մատակարարի, այլևս երբեք խմելու ջրի աղբյուր չի առաջացնի: Այստեղ մենք կունենանք միայն ցեխ, սողանք ու զզվանք: Ու սա հենց ձեր պատճառով, ձեր աշխատած մի քանի հարյուր հազար դրամի պատճառով: Խելքի եկեք այ ախմախներ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում