«Պարտքը՝ բնապահպանության դիմաց» ծրագրի մանրամասները քննարկվել է ՀԲ տնօրենի հետ

Մարտի 27-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան: Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման առանցքում «Պարտքը՝ բնապահպանության դիմաց» / ՊԲԴ/ նախաձեռնությանն առնչվող հարցերն էին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի և ոլորտում շարունակական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպմանը քննարկվել են այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում նպատակահարմար է մեխանիզմի իրականացումը: Արծվիկ Մինասյանն անդրադարձել է կենսաբազմազանության պահպանությանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված անտառվերականգնման, անտառային տարածքների պահպանության, հողերի դեգրադացիայի և ջրային ռեսուրսների պահպանության խնդիրներին: Նախարարը կարևորել է սույն նախաձեռնության իրականացումը, ինչը նաև ՀՀ Նախագահի հանձնարարականն է, նշելով փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի պատրաստակամությունը նախաձեռնության լավագույնս իրագործման համար: Դրա բաց և թափանցիկ իրականացման համար նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ ԲՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով ծրագրերի կառավարման նպատակահարմարությունը, ինչը նաև թույլ կտա ՊԲԴ-ի հետ կապված դրամական հոսքերը կառավարել բյուջետային գործընթացի շրջանակում՝ առանց առանձին կառույցի ստեղծման և պետության կողմից լրացուցիչ ծախսերի իրականացման:

ՀԲ պրակտիկայի տնօրեն Մարիա Գոնզալեզ Միրանդան շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ողջունել է նման նախաձեռնությունը և հայտնել ՀԲ-ի կողմից դրա իրականացմանը միտված աջակցության պատրաստակամությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև ծրագրին առնչվող ինստիտուցիոնալ մեխանիզմներին և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում